Արմավիրի մարզի Այգեվանի համայնքապետի ընտրություններում հազվադեպ պատահող արդյունք է գրանցվել՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետը պարտվել է անկուսակցական մի թեկնածուի՝ Հրաչյա Հովհաննիսյանին: Վերջինիս օգտին քվեարկել է 421 ընտրող, ՀՀԿ-ական գյուղապետի օգտին՝ 383:
Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ սա ինչի՞ հետեւանք է, որ բնակիչները ձեզ վստահության քվե չեն տվել՝ պարտված ՀՀԿ-ականը պատասխանեց. «Չեմ կարա ասեմ, չգիտեմ ինչ ա կատարվել: Կլյաուզա չեմ կարա անեմ, ի՞նչ ասեմ: Քարոզարշավ ես չեմ արել, ես միշտ էլ չեմ արել: Իրանք են արել՝ տուն առ տուն ամեն շաբաթ մի 3 անգամ մտել-հելել են, չեմ իմանում ինչ են ասել, ինչ չեն ասել, բայց ես քարոզարշավ չեմ արել: 3 անգամ ընտրվել եմ, էս էլ 4-րդն էր: Գիտեմ, որ նորմալնի ընտրողներ են, պրոբլեմ չի լինի, բայց պրոբլեմ եղավ: Երեւի ես եմ սխալ վարվել էս գործի նկատմամբ, չգիտեմ»:
Նա ասաց, որ հաղթած թեկնածուին չի էլ ճանաչում, միայն դեմքով գիտի, առնչություն չի ունեցել. «Չեմ կարա ասեմ, թե ինչ պահ եղավ, ինչ ֆոկուս եղավ: Մանթրաշ վիճակի մեջ եմ, չեմ կարում բացատրեմ»:
Մեր հարցին՝ ընտրախախտումները բացառո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Չեմ կարա ասեմ, ո՞նց կարամ ասեմ, ընտրությունը գնացել ա նորմալ, խաղաղ եղանակով: Պռոստո մանթրաշ եմ, թե էս ինչ ձեւի չստացվավ փաստորեն: 20 ձենով ըտենց…ես չհասկացա ինչ կատարվավ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ սովորաբար ՀՀԿ-ական թեկնածուներին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, ասում են, որ քաղաքացիներին 10 հազար դրամ են բաժանում, կարո՞ղ է դուք ընտրակաշառք չեք բաժանել, դրա համար պարտվել եք՝ գյուղապետը պատասխանեց. «Ես ընտրակաշառք չեմ բաժանել: Ընտրությունից առաջ եթե ինչ-որ հարցերով մոտիկացել են, օգնել ենք: Ասենք, էդ եղել ա իմ չաշխատած վախտն էլ, աշխատած վախտն էլ: Մարդ են, օպերացիայի մոմենտ ա, կամ կռուպնի վարկեր ունեն փակվելու, գյուղապետ ենք, աշխատող ենք, պիտի օգտակար լինենք: Մահացու դեպք ա եղել, ինֆարկտ ա եղել, չենք կարա արագ ավագանու նիստ անենք, փողն էլ էնտեղ դրած չի, որ հանենք տանք: Ունեցել ենք՝ օգնել ենք, տվել ենք, գնացել են, բուժվել են, լավացել են: Տենց, էլի»:
Մեր հարցին՝ ընտրություններից առաջ սովորաբար թեկնածուները ասֆալտապատում են սկսում անել համայնքում, Դուք այդպիսի բանե՞ր էլ չեք արել, որ դրանով գյուղացիների աչքը փորձեք մտնել՝ Սպարտակ Էքիզյանը պատասխանեց. «Ես ըտենց բնավորություն չունեմ, որ ինչ-որ գործ անեմ՝ ինձ ընտրեն: Կողքի համայնքներում դաշտային ճանապարհներն էին հարթեցնում, գնացինք, հերթագրվանք, մենք էլ են բերել մեր գյուղի դաշտամիջյան ճանապարհները հարթեցրել ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ