«Միհրան Պողոսյանին ստիպել են: Ես չեմ կարծում, որ այնպիսի բարձր բարոյական կերպար է այդ անձը, որ այդպիսի զուգահեռներ է անցկացնում ալիեւյան ռեժիմի հետ եւ դրանով բացատրում իր հրաժարականը: Չեմ հավատում, որովհետեւ առաջին անգամ չէ, որ նա նման սկանդալների մեջ է: Եթե ոչ արտաքին աշխարհի հետ կապված՝ օֆշորային գոտիների եւ այլ գործարքների, բայց գոնե մեր ներքին հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում նրա անունը շատ սկանդալների հետ է կապված»,- մեզ հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանն այսպես մեկնաբանեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականը:
Նա հիշեցրեց, որ հենց միայն կարմիր գծերի համար ամեն մի փոքր խախտման հետեւանքով մարդկանց գրպանը մտնելու, անաշխատ եկամուտներ կուտակելու եւ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորչությունը վայելելու տեսանկյունից Միհրան Պողոսյանի անունը մշտապես շրջանառվում է. «Եթե նա բարոյական որոշակի կերպար ունի ձեւավորված, ամոթի զգացում, արժանապատվություն, ապա վաղուց պետք է հրաժարական տար: Տվյալ պարագայում ես վստահ եմ, որ այդ պանամական սկանդալի մեջ է ամփոփված իրողությունը: Իրականում այս մարդիկ՝ ՀՀ-ն կեղեքողները, իրենց անաշխատ եկամուտները ոչ մի այլ տեղ չեն կարող պահել, եթե ոչ օֆշորային գոտիներում: Մնացած բոլոր երկրները պահանջում են եկամուտների օրինականությունը հավաստիացնող փաստաթղթեր: Այդպիսի օրենսդրություն է գործում, իսկ օֆշորներում դրանք կարող են պահվել»:
Թե ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը նոր պաշտոնի գնաց, իսկ Միհրան Պողոսյանը շտապեց հրաժարական տալ, ինչո՞ւ Տիգրան Սարգսյանին ներվեց, իսկ Միհրան Պողոսյանը, որը վայելում է Սերժ Սարգսյանի հովանավորությունը, չեղավ դա՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Նրան չէին կարող ստիպել, որովհետեւ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված գործարքում խառնվել է ոչ միայն Տիգրան Սարգսյանը, այլեւ այլ պետական պաշտոնյաներ, որոնք հովանավորվում էին: Այստեղ էլ Միհրան Պողոսյանը մենակ չէ: Մեր երկրում դրամական տեղաշարժի մասին հաստատ երկրի նախագահը տեղյակ է լինում: Առանց նրա իմացության չի լինում: Բոլորս էլ գիտենք, որ Միհրան Պողոսյանը Սերժ Սարգսյանի հովանավորյալն է, կապեր ունեն: Միհրան Պողոսյանի հրաժարականը ես կհամարեմ փախուստ՝ պատասխանատվությունից: Այսօր այս իշխանության դատաստանից նա կարող է փախչել, բայց հավերժ փախուստի դիմել չի կարող: Ի վերջո մի օր պատասխան են տալու բոլորը: Այն, ինչի մասին մենք անընդհատ խոսում էինք, որ երկիրը տանում են կործանման, կարծում էին, թե դա ընդդիմադիր դիրքերից հանդես եկողի տեսակետ է, բայց իրականությունը դա է, այդ մարդիկ թալանում, կեղեքում են երկիրը եւ մեր երկրի հարստությունը երկրից դուրս են բերում: Խոսում են երկրից 10 մլրդ դոլարի արտահոսքի մասին: Դա ովքե՞ր են դուրս բերում՝ հենց պողոսյաններն են դուրս բերում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ կարծում եք, իր այս հրաժարականով նա «կմաքրվի՞» այս սկանդալային օֆշորային պատմությունից՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Նա խուսափում է պատասխանատվությունից, մտածում է՝ հրաժարական կտամ, ինձ հանգիստ կթողնեն, խոսակցությունները կդադարեն: Բայց ես կարծում եմ, որ եթե, իհարկե, արխիվները չայրվեն, պատասխանատվության ժամանակը գալու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ