Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան կրկին ԼՂ բանակցությունները կղեկավարի

Ապրիլ 18,2016 23:15

Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին: Նրա խոսքով՝ «նախաձեռնությունը ստացվել է Մոսկվայից եւ ներկայումս պատրաստվում է բանակցային գործընթացը, «հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ ծավալուն հարցազրույց էր տվել ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, որում խոսելով ԼՂ հակամարտությունից, նշել էր. «Շատ կարեւոր է վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրապնդվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համատեղ հայտարարություններում՝ դեռեւս 3-4 տարի առաջ»։ Այնուհետեւ նա հավելել էր. «Նախագահ Պուտինը, իսկ նրանից առաջ էլ նախագահ Մեդվեդեւը, առաջարկում էին մի շարք տարբերակներ, որոնք նախատեսում էին լուծել իրավիճակը Ղարաբաղին կից շրջանները ազատելով՝ միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակը։ Կային նաեւ առաջարկներ՝ դիպուկահարներին հետ քաշել շփման գծից։ Այդպիսի քայլերը, որոնք վաղուց պլանավորված էին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մակարդակով, ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, զբաղված էր համապատասխան քայլեր մշակելով։ Այդ պայմանագիրը դեռեւս վերջնական չէ, բայց այն գոյություն ունի եւ դրա վրա աշխատում են արդեն մի քանի տարի։ Կարծում եմ՝ ներկայիս իրավիճակը կստիպի մեզ բոլորիս հավանություն տալ այդ առաջարկներին եւ կիրառության մեջ դնել դրանք»։ Լավրովը խոսել էր նաեւ ԼՂՀ հակամարտության գործում Ռուսաստանի գործոնի մասին. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերից բացի՝ Ռուսաստանը հանդես է գալիս նաեւ սեփական նախաձեռնություններով։ Չեմ ներկայացնի մանրամասներ, բայց մի քանի տարբերակներ կան, որ մնում են բանակցային սեղանին. Ալիեւի հետ մենք քննարկել ենք նաեւ այդ թեման։ Կշարունակենք մեր ջանքերը»։

Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքելով Սերգեյ Լավրովի հայտարարությանը` նշեց. «2011թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել, չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռեւս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրել է տասը նոր առաջարկ եւ փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»:

Այս եւ այլ հարցերի մասին կարդացեք ապրիլի 19-ի տպագիր «Առավոտ»-ում առավել մանրամասն:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930