Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակյան. «Батька»-ն դժգոհ է ՀՀ իշխանություններից» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2016 15:49

«Ռուսները «դեղին քարտ» ցույց տվեցին ՀՀ իշխանություններին: Մենք «հաշիվը փակեցինք», բայց նրանք դժգոհ էին մեր իշխանություններից, այդ պատճառով էլ պատժեցին նրանց: «Батька»-ն դժգոհ է ՀՀ իշխանություններից, բայց չգիտեմ` ինչու»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում, խոսելով Ադրբեջանի կողմից սանձազերծած քառօրյա պատերազմում Ռուսաստանի դերակատարության մասին, այսպիսի կարծիք հայտնեց Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նա տեղեկացրեց, որ հրեաներն ունեն հատուկ կազմակերպություն, որը հայտնաբերում է հակասեմիտներին եւ պատժում. «Ժամանակն է, որ մենք էլ այդպիսի կազմակերպություն ունենանք, որ կհայտնաբերի Ադրբեջանի եւ Թուրքիայի համար հայերին զրպարտողներին եւ փնովողներին` հակահայերին: Այս պատերազմը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը համերաշխ է, մարտական, բայց զրպարտված, որովհետեւ կան «օգտակար եւ ինքնաբուխ իդիոտներ», որոնք աշխատում են թուրքերի համար»:

Բանախոսից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է օլիգարխներին «կուլակաթափ» անելու մասին: «Ես էլ կոչ եմ անում «կուլակաթափ» անել, որովհետեւ պարզվեց, որ օլիգարխները, չվճարելով հարկեր եւ տուրքեր, կողոպտելով ՀՀ գանձարանը, զինաթափել են հայկական բանակը: Դրա համար օրենքով սահմանված կարգով հարկավոր է ստուգումներ անցկացնել եւ ապօրինի` գողացված ունեցվածքն ազգայնացնել»:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիվանագիտական աշխատանքին, Ազատ Արշակյանի բնորոշմամբ. «Խնամի-բարեկամ դիվանագետները պետք է դուրս մղվեն դաշտից, որովհետեւ անհրաժեշտ է շատ լուրջ աշխատանք: Ադրբեջանը 1994թ. զինադադարը խախտվել է ծանր տեխնիկայով եւ ավիացիայով, իսկ դա ուխտադրժություն է, եւ այդ հարցը դիվանագետները պետք է բարձրաձայնեն: Մենք հանձնելու ոչինչ չունենք, թող միջազգային հանրությունը մեր անվտանգության բանաձեւը գտնի: ՀՀ-ն պետք է ընդգրկված լինի անվտանգության որեւէ համակարգի մեջ, որովհետեւ մեր երկիրը եւ քաղաքացիները վտանգված են: Դիվանագետների համար դա «խոպան» է` թող աշխատեն այդ ուղղությամբ: Մենք զենքով ցույց տվեցինք, որ կարող ենք, դիվանագետներն էլ թող իրենց գործն անեն: Թող դիվանագիտությունը լինի պատերազմի շարունակությունը»:

Արշակյանը եւս օրերս է վերադարձել առաջնագծից: Ներկայացնելով տպավորությունները` նա ասաց. «Գեներալները շարքայինների հետ ճաշարանում էին ճաշում` ոչ ձեւի համար, այլ որովհետեւ դա իրենց կյանքն է: Զորանոցում գտնվող գեներալն իմ աչքի լույսն է: Իհարկե, գեներալների մեջ էլ կողոպտիչներ կան, այլապես ո՞նց եղավ, որ համապատասխան զինամթերք չունեցանք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930