Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ փամփուշտը վերջացավ եւ մեր զինվորը բահով կռվեց

Ապրիլ 18,2016 15:35

«Էս ո՞ր թիվն է, որ զինվորն ասի՝ փամփուշտը պրծավ, բահը վերցրեցի»,- «Դեբատ» մամուլի ակումբում քառօրյա պատերազմի իր անդրադարձներում վրդովմունք հայտնեց նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Փամփուշտը տեղափոխող մեքենան ճանապարհին խփել են, տեղ չի հասել»,- փորձեց պատճառաբանել ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը:

«Էդ մի մեքենա՞ն էր»,- վրդովվեց Վիգեն Խաչատրյանը`հավելելով. «Եթե խոսում ենք փոփոխություններից, դա մանրուքներից է սկսվում: Պատասխան տվող պիտի լինի, եթե չլինի`շատ վատ վիճակ է սպասվում: Կա՞ որեւէ մեկը, որ պատասխան տա դրա համար»:

Ռազմիկ Մարտիրոսյանն ասել էր, որ առաջիկայում բոլոր ուղղություններով լուրջ շտկումներ կլինեն, հրապարակային քննարկումներ են գնում ու դա արդեն լավ է: Նա դրական որակեց Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, պետության համար ճակատագրական պահին: Դա, իր կարծիքով, երկրորդն էր: Առաջինը Վազգեն Սարգսյան- Կարեն Դեմիրճյան միասնությունն էր:

Հրազդանում երեկ կայացած քաղաքապետի ընտրությունները, ըստ Վիգեն Խաչատրյանի, ցույց տվեցին, որ նույն ցինիզմը, նույն անհանդուրժողականությունը շարունակվում է. «Այն, որ իշխող կառույցի ներսում փոխվելու ցանկություն է առաջանում, դա լուրջ բան է, բայց ներսից պիտի փոխվենք, ՀՀԿ-ն չմաքրվելով՝ չի կարող ուրիշից պահանջել փոփոխվել»: Նրա կարծիքով, ՀՀԿ-ն խորհրդային մոդելն է հիշեցնում:

Վիգեն Խաչատրյանը դեմ է ՀՀԿ ԳՄ-ի եւ խորհրդի նիստերին այդքան կարեւորություն տալուն: Կարծում է, որ ՀՀԿ խմբակցությունում պիտի քննարկումները լինեն: «Կուսակցական ղեկավարությանը պիտի վերջ դրվի»,- ասաց նա`հավելելով, որ վիճակը լավացնելու իրական ներուժ տեսնում է. «Այսպես պատրաստված ազգ մենք չենք ունեցել, բայց ճահիճի ենք վերածել: Այս քառօրյա պատերազմը մեզ հիանալի շանս է տվել, թռիչք անելու, բայց դա կախված է ՀՀԿ-ից»:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության համակարգող Լարիսա Ալավերդյանն էլ տեղեկացրեց, որ իրենց կազմակերպության անդամներն այցելել են պատերազմի արդյունքում տեղահանվածներին, նրանք Արցախի եւ ՀՀ-ի տարբեր բնակավայրերում են տեղակայվել, արդեն օգնության խմբերն են աշխատում`սոցիալական, հոգեբանական եւ այլն: Կազմակերպության անդամներն այցելել են նաեւ զոհվածների ընտանիքներին. «Ինձ ապշեցնում է այդ որդեկորույս մայրերի կեցվածքն ու կերպարը»:

Տիկին Ալավերդյանը վստահ է`այս վիճակը շարունակվելու է. «Ադրբեջանը որեւէ առումով որեւէ առիթ չունի իր քաղաքականությունը փոխելու: Եվրոխորհրդարանում առանձին սփոփիչ ելույթներ են լինում, բայց ես չեմ լսել սանկցիաների մասին, Ադրբեջանի, որպես պետության, լեգիտիմությունը հարցականի տակ դնելը»:

Նա իր վրդովմունքը հայտնեց իրավիճակի առիթով ՌԴ նախագահի եւ վարչապետի հայտարարությունների, նաեւ զենքի վաճառքի վերաբերյալ, ասելով` կա բիզնես, կա միջնորդական առաքելություն. ՌԴ-ն պետք է ընտրի:

Տիկին Ալավերդյանին վրդովվեցրել են նաեւ զորքերի դուրսբերման մասին հայտարարությունները, որոնք հնչեցին եւ ՌԴ նախագահի կողմից, եւ ամերիկացի համանախագահի: Նաեւ այն, որ համանախագահները հայտարարեցին` իրենք իրավասու չեն հետաքննել, թե ո՞ր կողմն է սկսել հարձակումը: «Մենք եղել ենք, կանք, կլինենք, բայց հարցն այն է, թե ինչ գնով: Դա արդեն իշխանության որակի հարցն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա համոզված է`ռազմական հանցագործությունների մասով Ադրբեջանին եւ Ալիեւին անպայմանորեն պետք է պատասխանատվության կանչել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    հհկ ախոռից ոչ մի լավ բան չսպասեք …!!!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930