«Չեն եղել լցոնումներ, չեն եղել ձեզ հայտնի կեղծիքները»,- ապրիլի 18-ին Հրազդանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով կիրակի տեղի ունեցած ընտրություններին, ասաց Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իրենց ներդրած մեխանիզմը սկզբունքորեն բացառում էր նման ընտրակեղծիքների հնարավորությունը: Ըստ նրա, հավանական էր, որ գործեր «կարուսելի» մեխանիզմը. «Որպեսզի որեւէ քաղաքացու ներգրավել «կարուսելի», ընտրակաշառքի մեխանիզմի մեջ, որը այս համակարգում՝ մեր ներդրած համակարգում հնարավոր է: Ընտրակաշառք գիտենք՝ եղել է, ահազանգեր կան, իսկ երկրորդը, իհարկե՛, նման հնարավորություն չէր կարող բացառել, որովհետեւ տեղամասերում քվեաթերթիկի պակաս է արձանագրվել: Այստեղ նրբությունն այն է, որ այն քաղաքացին, որը գնում է «կարուսելին» մասնակցելու, այդպիսով՝ ապօրինի, բայց կատարում է որոշակի ընտրություն»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ շատերը վերցրել են ընտրակաշառքը, սակայն քվեարկել են Սասուն Միքայելյանի օգտին: Ըստ նրա, եթե այդ բաժանված կաշառքները չլինեին, ապա Արամ Դանիելյանը ընտրվելու որեւէ հնարավորություն չէր ունենա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ