Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՋԻՓ-երով ման գալ, դղյակներում ապրել ու ազգից փող հավաքել բանակը սպառազինելու համար`ամոթալի է»

Ապրիլ 18,2016 15:20

«Ոգեւորիչ էր ազգի միասնությունը: Շատերը հիացմունքով խոսում էին, որ մեր տղաները բահով են կռվել, մեր չոբանը որսորդական հրացանով է խոցել անօդաչու սարքը: Սա մի երեսը, բայց մյուս երեսն այն է, որ այս քառօրյա պատերազմը ցույց տվեց`մենք պաշտպանված չենք, մենք հաղթանակած կողմ ենք, բայց ուժեղ չենք, ուժեղի վրա չեն հարձակվում, մեր շերեփը ոչ թե թղթե էր, այլ շերեփ էլ չունեինք»,- այսօր «Դեբատ» մամուլի ակումբում չորսօրյա պատերազմին եւ դրա արդյունքում ստեղծված իրավիճակին վերաբերվող քննարկման ժամանակ ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը`չհամաձայնելով Խոսրով Հարությունյանի հետ:

Նա հիշեցնում է, որ 2008-ին, երբ արդեն ստորագրված էին ՌԴ-Ադրբեջան ռազմական համագործակցության փաստաթղթերը, ինքն ասել է` դրանց վճարման միակ միջոցը ԼՂՀ հարցն է: Ստեփան Սաֆարյանը համաձայն չէ նաեւ այն թեզի հետ, որ Ադրբեջանին զենք վաճառելով, ՌԴ-ն նրան իր ազդեցության տակ է պահում, քանի որ միամտություն է կարծել, թե այդ զենքերը մեր դեմ չեն օգտագործվելու:

«Քառօրյա պատերազմը չէ, որ պիտի մեզ ցույց տար ներքին խոհանոցը շտկելու անհրաժեշտությունը: Ադրբեջանի դիսկուրսներն արդեն ցույց էին տալիս, որ Նազարբաեւը եւ Լուկաշենկոն Ադրբեջանի բարեկամներն են`2011-ին, Աստանայում հայտնի նամակը, որ միջազգային հարաբերություններում մենք միայնակ ենք եւ այլն»,- ասաց նա` հակադարձելով տնտեսության զարգացման առիթով Խոսրով Հարությունյանի դիտարկումներին. «Ինչպե՞ս զարգացնել տնտեսությունը, երբ ԵԱՏՄ-ն ներխուժել է Հայաստան, Եվրոպան ձեռքերը լվացել է, ինչպե՞ս ռազմարդյունաբերությունը զարգացնել, եթե «Գույք պարտքի դիմացով» ամբողջը վաճառեցինք ՌԴ-ին ու դրանք մսխվեցին»:

Քառօրյա պատերազմը, ըստ Ստեփան Սաֆարյանի, ցույց տվեց, որ Ալիեւը վախենում է իշխանության, տարածքի կորուստներից եւ միջազգային քրեական պատասխանատվությունից. «Քառօրյա պատերազմի ժամանակ մենք չփորձեցինք առաջ գնալ, մեր նախնական դիրքերը լիարժեք վերականգնել: Բացատրություն չունի, որ Ալիեւի խնդրանքով հայկական հակագրոհն ենք կանգնեցրել`ՌԴ-ի միջնորդությամբ: Դրա պտուղներն էլ կտեսնենք»:

Մի հարցում Ստեփան Սաֆարյանը համաձայն է` Ալիեւին ռազմաքաղաքական բալանսը չհաջողվեց խախտել:

«Բա որ ուժեղ էր, թող կարողանար»,- ռեպլիկ նետեց ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը:

«Մենք գիտեինք, որ պատերազմի են պատրաստվում, բայց ի՞նչ արեցինք պատերազմը կանխելու համար»,- ասաց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ եթե նորից հասել ենք պատերազմի շեմին, ուրեմն, քաղաքականություն չենք ունեցել: Նա հիշեցրեց այս տարիների դիվանագիտական պարտությունները, որ կրել էր պաշտոնական Երեւանը:

Նրա համար անհասկանալի է պատկան պաշտոնյաների այն հայտարարությունը, որ գիտեինք, որ հարձակում է լինելու, բայց չգիտեինք թե ո՞ր ուղղությամբ: «Ինչո՞ւ էին փորձագետները հասկանում եւ զգուշացնում, որ ռուս-ադրբեջանական մերձեցումը ԼՂՀ հարցը մանրադրամ է դարձնելու: Ինչո՞ւ փորձագետները գիտեին, հետախուզությունը`ոչ»,- հարց հնչեցրեց Ստեփան Սաֆարյանը եւ երեկ կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրինակով ասաց. «Մեր զինվորը մեզ արթնացրեց բացարձակ նոր իրականության մեջ, մենք փորձում ենք անընդհատ նախկինին»:

Նա բարձրացրեց ԱԳՆ-ի անգործության խնդիրը, ասաց, որ ՊՆ-ն բազում հարցերի պատասխաններ պիտի տա, պաշտոնանկություններ պիտի լինեին: «Ազգային միասնությամբ ոգեւորությունը լավ բան է, բայց ազգովի փող հավաքելը սպառազինության համար ամոթալի է: ՋԻՓ-երով ման գալ, դղյակներում ապրել, ազգի հարստություններին տիրանալ ու ազգից փող հավաքել բանակը սպառազինելու համար`ամոթալի է»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյանը հակադարձեց. «Իրավիճակը պարզունակ մեկնաբանությունների հարթություն չտեղափոխենք: Մենք այս ոլորտի մասնագետը չենք, եկեք հեռու գնացող ենթադրություններ չանենք: Ժամանակն Ալիեւի դեմ է աշխատում: Սա հարմար առիթն էր, փորձեցին, ենթադրելով`կարող է ստացվել, պատասխանը ստացան»:

Նա համաձայն չէ նաեւ արտաքին քաղաքական ոլորտի ակնհայտ ձախողումների մասին դիտարկման հետ էլ. «Եթե Ալիեւն իր առջեւ խնդիր է դրել, փոխզիջում ասելով հասկանում է, որ ԼՂՀ-ն պիտի վերադառնա 1988-ի վիճակին, ի՞նչ անել: Դուք տաս նամակ եք գրել, ոչ մեկին չեն պատասխանում. ի՞նչ անենք»:

«Չպիտի ԵԱՏՄ մտնեինք»,- պատասխանեց Ստեփան Սաֆարյանը:

«Բա, ի՞նչ անեինք, էդպես կախված մնայի՞նք»,- հնչեց ՀՀԿ խմբակցության պատգամավորի պատասխանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nuran Sinanyan says:

    Այ Ստյոպա ջան, բա արժի շառլատան Խոսրովի հետ բանավիճել:

  2. ««Բա, ի՞նչ անեինք, էդպես կախված մնայի՞նք»,- հնչեց ՀՀԿ խմբակցության պատգամավորի պատասխանը»»: Իբր որ մտաք,կախված չե՞ք…էն էլ վոոոոոունց….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930