«Մենք ի գիտություն ենք ընդունում ապրիլի 17-ի ընտրությունների արդյունքները եւ ընդունում ենք պատասխանատվության մեր բաժինը»,- ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով կիրակի Հրազդանում տեղի ունեցած ընտրություններին, ասաց Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա գործունեությունը միտված է լինելու իրենց օգտին քվեարկած քաղաքացիների վստահությունը ամրապնդելուն, եւ իրենց օգտին չքվեարկած քաղաքացիների համար ավելի հասկանալի դառնալուն:
«Այս ընտրությունների ընթացքում Սասուն Միքայելյանի օգտին տրված ոչ մի քվե չի կորսվել: Մենք լիովին կատարել ենք Սասուն Միքայելյանին տված յուրաքանչյուր քվեն պաշտպանելու եւ պահպանելու հրազդանցիներին տրված մեր խոստումը: Ես սա համարում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա տարածքային կառույցների եւ վարչության քաղաքական վստահության անհերքելի վկայություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իրենք շատ կարեւոր են համարում քաղաքական փոփոխություններ կատարելը. «Բայց մեզ համար ակնհայտ է, որ ժողովրդավարական հանրությունում կամ ընդհանրապես որեւէ հանրությունում հնարավոր չէ փոփոխությունների հասնել՝ առանց հանրության մեծամասնության աջակցության: Այսինքն՝ հանրության 50+1 տոկոսը, տվյալ դեպքում՝ քվեարկողների 50+1 տոկոսը մեզ պետք է պատվիրի, պատվիրակի անել այդ փոփոխությունները, որպեսզի մենք դրա իրավասությունը ունենանք: Հետեւաբար՝ այսօր մենք արձանագրում ենք, որ Հրազդանի հանրության 50+1 տոկոսը նման պատվեր եւ պատվիրակում մեզ չի տվել: Մենք դա ընդունում ենք ի գիտություն՝ իմանալով, որ այս իրավիճակը ստեղծվել է հիմնականում ընտրակաշառքների բաժանման եւ այդ հարկադրանքի միջոցով»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նման դեպքերում ընդունված է մեղադրանքներ հնչեցնել քաղաքացիների հասցեին, բայց ինքը մեղադրանքներ չի հնչեցնում, ընդհակառակը՝ ներողություն է խնդրում այն քաղաքացիներից, որոնք գտնվում են այդ իրավիճակում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ