Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծ. «Ի՞նչ է նշանակում Բաքու-Մոսկվա սիրախաղը»

Ապրիլ 18,2016 14:12
Davit Hovhannes

«Թերթերում շարունակաբար գրվում էր, որ ֆանտաստիկ ազգ ենք…Դա իսկապես այդպես է, որովհետեւ կարողանում ենք ֆիդայական շարժումից ստանալ կանոնավոր բանակ եւ մեր ձեռքերով եւ տղաների արյան գնով հերթական անգամ դիմագրավել թուրքին: Գլուխ եմ խոնարհում որդեկորույս մայրերի առաջ` լույսի կտոր երեխաների արյունն աչքիս առաջ ունենալով եմ խոնարհվում իմ տարիքի բարձունքից եւ ասում, որ նրանք ֆանտաստիկ ազգի զավակներ են»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում, խոսելով քառօրյա պատերազմի մասին, ասաց թարգմանիչ, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը:

Նա նշեց, որ որոշակի հարցեր իրեն մինչ օրս հանգիստ չեն տալիս. «Այդ ինչպե՞ս եղավ, որ գիշերը Արցախի ղեկավարությունն իրադրությունը վերջին անգամ ստուգելով` գնաց քնելու, եւ մեկ ժամ հետո տեղի ունեցավ հարձակումը: Դա անակնկալ էր, բայց ինչո՞ւ…: Մի՞թե զինուժի, տանկերի, զինտեխնիկայի տեղաշարժը սահմանին այդքան աննկատելի էր եւ ինչո՞ւ ստիպված եղանք մեր ձեռքերով կանգնել այդ զինված խուժանի առջեւ: Ինչո՞ւ չէր գործում հետախուզությունը: Մեր քաղաքական, տնտեսական, զինվորական դաշնակիցը` Ռուսաստանը, մի՞թե չուներ հետախուզություն եւ չէր վերահսկում տեղաշարժերն ադրբեջանական տարածքում: Ինչո՞ւ տեղյակ չպահեց հայկական կողմին, որ անակնկալ հարձակում է պատրաստվում մեր դեմ: Ինչո՞ւ առաջ չգնացինք, երբ դա անելու բոլոր նախադրյալները կային: Ի՞նչ է նշանակում` խղճացինք ադրբեջանցիներին` ի տրիտուր նրա հարձակման: 1994 թվականին էլ մեզ կանգնեցրին, երբ Հեյդար Ալիեւի հուսալքված բանակը հաշտություն էր խնդրում: Եթե այդ հարձակումը չկանգնեցնեին, մեզանով կանեինք ադրբեջանական երկաթգիծը, որն ապրանքատար է եւ շատ ավելի կարեւոր: Եթե դա ունենայիք, Հայաստանը չէր լինի շնչահեղձ շրջափակման մեջ»:

Բանաստեղծի համար անհասկանալի են նաեւ ՌԴ վարչապետի որոշ քայլերը. «Ինչո՞ւ Մեդվեդեւը Հայաստան գալուց հետո նախապես չպայմանավորված կարգով գնաց Բաքու: Ի՞նչ է նշանակում այս օրերին Բաքու-Մոսկվա սիրախաղը, ի՞նչ կա դրա տակ թաքնված»:

Դավիթ Հովհաննեսը Ռուսաստանին համեմատեց Արշակ թագավորի հետ, որը պարսից Շապուհ թագավորին ասում էր` «Մի ոտքս մեկ սարի վրա է, մյուսը` մեկ այլ: Երբ մի ոտքս եմ սեղմում, Բյուզանդիան է հողի տակ անցնում, երբ մյուսը` դու»: «Այո, Ռուսաստանը տիրապետում է իրավիճակին Անդրկովկասում: Երբ պետք է լինում, մեր ռազմավարական դաշնակիցը որ ոտքն ուզում` սեղմում է` Հայաստանին, կամ Ադրբեջանին: Միայն իրեն հայտնի պատճառներով Ռուսաստանն Ադրբեջանին կայծակնային պատերազմի արտոնություն է տալիս եւ հույս, որ դրա արդյունքում Արցախը կթուլանա, եւ դեպի Ստեփանակերտ գրոհի ճանապարհ կբացվի, հայերն էլ կխեղճանան, Ադրբեջանն էլ կգա Ռուսաստանի թեւի տակ: Բայց Ադրբեջանը երբեք չի թողնի իր հավատակից թուրքին եւ չի գնա Ռուսաստանի թեւի տակ»:

Մտավորականը նաեւ կարծիք հայտնեց, որ Արցախյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել խաղաղ ճանապարհով. «Այդպես բանակցում են ադեկվատ երկրի իշխանության հետ, իսկ Ադրբեջանի իշխանությունն ադեկվատ չէ: Խաղաղությունը պետք է պարտադրել, իսկ մենք կարող ենք դա պարտադրել հաղթական պատերազմով»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930