Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ, ՌԴ արդարադատության գեներալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Բաստրիկինը խոսել է Ռուսաստանում ծայրահեղականության դեմ պայքարի մասին, տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը»:
ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունը ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում անելիքներ ունի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։ Բաստրիկինը մասնավորապես նշում է, որ 2016թ. ապրիլի սկզբին Արցախում ռազմական վերջին գործողությունները վկայում են, որ Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական որոշ ուժեր փորձում են խաթարել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև առկա խաղաղությունը և ստեղծել պատերազմի ևս մեկ օջախ Ռուսաստանի Դաշնության սահմանին։
Բաստրիկինն իր խոսքում անդրադառնալով այդ հարցին, մասնավորապես նշել է. «Թվում է, թե ժամանակն է արդյունավետ արգելք սահմանել տեղեկատվական այս պատերազմի վրա։ Անհրաժեշտ է կոշտ, համարժեք և համաչափ պատասխան։ Հարցը հատկապես արդիական է սպասվող ընտրությունների (նկատի ունի ընթացիկ տարում կայանալիք ՌԴ դումայի ընտրությունները,-խմբ.) և հնարավոր վտանգների համատեքստում։ Դրանք կարող են ակտիվացնել քաղաքական այն ուժերին, որոնք ապակայունացնում են քաղաքական դասավորվածությունը։ Բավական է կեղծ ժողովրդավարություն խաղալ՝ հետևելով կեղծ ազատական արժեքներին»։