Երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրվել են դեպքեր, երբ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նաեւ պարտվել են համայնքապետի պաշտոնի համար մրցակցությունում:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Ջիվան Քամալյանը ստացել է 824 ձայն: Եվ համայնքն այսուհետ կղեկավարի ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցություն ծավալած ՀՅԴ կուսակցության անդամ, անհատ ձեռներեց Հայկ Սարգսյանը, որը ստացել է 933 ձայն:
Նաեւ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում է համայնքի ղեկավարի ընտրություններում պարտություն կրել ՀՀԿ-ական գյուղապետը: ՀՀԿ կողմից առաջադրված, գործող գյուղապետ Սպարտակ Էքիզյանը ստացել է 383 ձայն: Իսկ անկուսակցական ինքնաառաջադրված Հրաչյա Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 421 ընտրող: