Լրահոս
Օրվա լրահոսը

Վաճառքի հանված արդարադատությունն Ադրբեջանում

Ապրիլ 18,2016 12:43

Քաղաքացիները բողոքում են, որ աղավաղված դատական համակարգի զոհ են դառնում

Հեղինակ՝ Նուրգյուլ Նովրուզ

IWPR, Համաշխարհային ձայներ #810

Վերջերս Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյայի որդու՝ բանտից վաղաժամ ազատ արձակվելու փաստը առաջին պլան է մղել երկրի արդարադատության համակարգում ծաղկող կոռուպցիայի վերաբերյալ համատարած մտահոգությունները:

Բաքվի Սաբայիլի շրջանի ադմինիստրացիայի ղեկավարի որդին՝ Իլհամ Ասգերլին, մեղավոր էր ճանաչվել 2014-ի սեպտեմբերին տեղի ունեցած մահացու ելքով վթարի գործով:

Այդ ժամանակ դեռեւս 16 տարեկան Ասգերլին վարորդական իրավունք չուներ, սակայն վերցրել էր ծնողներին պատկանող մեքենան իր ընկերոջ՝ Սանան Միրզոեւի եւ ընտանեկան վարորդի հետ ու մեծ արագություն զարգացնելով հեռացել:

Ասգերլիի վարած «Մերսեդեսը» շեղվել էր ճանապարհային հատվածից՝ բախվելով հանդիպակաց բեռնատարին. Միրզոեւը լուրջ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր: Ասգերլին ու իր վարորդը թեթեւ վնասվածքներ էին ստացել:

Ի սկզբանե Ասգերլին անցյալ տարվա մայիսին դատապարտվել էր հինգ եւ կես տարվա, իսկ բեռնատարի վարորդ Ահլիման Սուլեյմանովը՝ վեց տարվա ազատազրկման:

Միրզոեւի ընտանեկան փաստաբանները պահանջել էին, որպեսզի դատարանը բեռնատարի անմեղ վարորդին ազատ արձակի՝ փոխարենը պատժելով իրական մեղավորին՝ Ասգերլիին:

Սակայն մեկ ամիս անց Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել էր վերանայել Սուլեյմանովի վեց տարվա ազատազրկման ժամկետը՝ փոխարենը կրճատելով Ասգերլիի պատժաչափը մինչեւ 3 տարի: Այս տարվա փետրվարին նա դուրս եկավ բանտից:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ԳՆՈՒՄ

Ադրբեջանում գնալով աճում է անհանդուրժողականությունը քաղաքական այլախոհության հանդեպ. վերջին տարիներին տասնյակ քաղաքական ակտիվիստներ, իրավապաշտպաններ ու լրագրողներ են ձերբակալվել, շատերի համոզմամբ՝ կեղծ մեղադրանքներով, սկսած խուլիգանությունից եւ հարկերից խուսափելուց, մինչեւ թմրանյութ պահելը:

«Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալներով՝ 2016թ. փետրվարի դրությամբ Ադրբեջանում 107 քաղբանտարկյալներ կային: Մարտի կեսերին 13 քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցելու նախօրեին:

Յալչին Իմանովը ներկայում անազատության մեջ գտնվող լրագրող Խադիջա Իսմայիլովայի եւ մի շարք այլ հայտնի քաղաքական բանտարկյալների դատապաշտպանն է: Նրա խոսքով՝ իշխանությունների անհարկի ազդեցությունը դատարանների վրա դրսեւորվում է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ սովորական քաղաքացիական գործերում:

Ասգերլիի դեպքում, բոլոր ապացույցները վկայում էին այն մասին, որ պատահարի միակ մեղավորը հենց պաշտոնյայի որդին էր:

«Սակայն ի վերջո որոշվեց նրան ազատ արձակել, իսկ բացարձակ անմեղ անձը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման», – ասում է Իմանովը:

«Ադրբեջանի դատարաններում կայացվող դատավճիռը կախված է կամ ինչ-որ մեկի հրահանգներից կամ փողից: Հրահանգներ տրվում են քաղաքական գործերի դեպքում կամ այն ժամանակ, երբ կապված են բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաները մենաշնորհներ ու ստվերային բիզնես ունեցող նույն հարուստներն են: Նրանք կարող են ազդել դատարանների վրա իրենց զբաղեցրած դիրքի եւ հարստության հաշվին», – ասում է Իմանովը:

«Եթե խոսքը սովորական քրեական գործերի մասին է, ապա այստեղ հարցն անպայման փողով է լուծվում: Մեր հասարակության շրջանում տարօրինակ միտում է գերիշխում: Փաստաբաններին դիմում են միայն մեղադրողների ու դատավորների հետ բանակցություններ վարելու համար: Շատ քիչ փաստաբաններ կան, որ չեն մասնակցում նման գործարքների», – հավելում է նա:

Բաքվի 32-ամյա բնակչուհին, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմում է, որ Ադրբեջանի դատական համակարգում նկարագրված իրավիճակը կարողացել է իր օգտին օգտագործել:

«Եղբայրս գողության էր մասնակցել: Երբ նա ձերբակալվեց, մենք սկզբում համաձայնության եկանք քննիչի, այնուհետեւ՝ դատախազի ու դատավորի հետ, որպեսզի նրա հետ մեղմ վարվեն», – ասում է նա:

Կնոջ եղբայրը կարող էր դատապարտվել 14 տարվա ազատազրկման: Նրան օգնելու համար՝ ընտանիքը վաճառել էր բնակարանը, վճարել նախ քննիչին, ապա դատախազին եւ դատավորին` ծախսելով մոտ 40,000 մանաթ (ավելի քան 26,000 դոլար): Ի վերջո, նրանք կարողացել էին ազատազրկման ժամկետը կրճատել 6 տարով:

«Եղբայրս դատապարտվեց ութ տարվա ազատազրկման», – ասում է նա:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՀՈՒՅՍԵՐԸ

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության ծրագրային ղեկավար Թամարա Գրիգորեւայի խոսքով՝ Ադրբեջանն իրականում փորձել է անկախ դատական համակարգ ստեղծել անկախությունից հետո՝ համապատասխան օրենքներ ընդունելով:

2006 թվականին նախագահի հրամանագրով սկսված դատական համակարգի արդիականացումը հանգեցրեց նոր դատարանների եւ վերաքննիչ ատյանների ստեղծմանը երկրի շրջաններում: Բացի այդ, դատավորների ու փաստաբանների վերապատրաստման եւ ատեստավորման համար հատուկ ակադեմիա ստեղծվեց:

Անցյալ տարվա նոյեմբերին Շեքիում նոր դատարանի շենքի բացման արարողության ժամանակ Ալիեւը հավաստիացրել էր ներկաներին, որ [համակարգի] թափանցիկությունը աճում է՝ ընդգծելով երկրի դատական համակարգի ամրապնդման ու օրենքի գերակայության ոլորտում գրանցած հաջողությունները:

Գրիգորեւան, սակայն, նշում է, որ կոռուպցիայից բացի, Ադրբեջանի արդարադատության համակարգում կան այլ լուրջ խնդիրներ, այդ թվում՝ պրոֆեսիոնալ դատավորների եւ մասնագիտացված առաջին ատյանի դատարանների պակասը:

«Այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանի դատական համակարգի գլխավոր խնդիրն այն է, որ երկիրը բռնապետություն է, եւ դատարանները անկախ որոշումներ չեն կայացնում», – ասում է Գրիգորեւան:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում բոլորս էլ տեսել ենք բազմաթիվ դատական գործեր, այդ թվում՝ հայտնի լրագրողների եւ իրավապաշտպանների դեմ, որտեղ ոչ հավաստի ապացույցներ էին ներկայացվել դատարանին: Այդուհանդերձ, այդ մարդիկ անհեթեթության աստիճանի երկար ժամկետով են ազատազրկման դատապարտվել: Այս կեղծ մեղադրանքներով դեպքերը Ադրբեջանի դատական համակարգի թուլության վառ օրինակներն են եւ ցույց են տալիս, որ այն շատ հեռու է անկախ ու արդար լինելուց», – հավելում է Գրիգորեւան:

Կառավարական պաշտոնյաները վիճարկում են նման մեղադրանքները:

«Ադրբեջանում դատարաններն ազատ են ու անկախ: Եթե քաղաքացին դժգոհ է կայացրած դատավճռից, նա կարող է բողոքարկել այն այլ՝ ավելի բարձր ատյաններում՝ Վերաքննիչ եւ Գերագույն դատարաններում: Դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու մասին խոսք անգամ չի կարող լինել», – ասում է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն:

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՕՂԱԿՆԵՐԻ ՃՆՇՄԱՆԸ

Ինչպես հաղորդեց IWPR-ին փաստաբան Ալայիֆ Հասանովը`իր միջնորդությամբ հինգ քաղաքացիական գործ է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ բոլորի պատճառն էլ եղել է իշխանությունների ճնշման հետեւանքով կայացրած անարդար դատավճիռը:

«Կան բազմաթիվ քաղաքացիական գործեր, որոնց դեպքում իշխանությունների կամ հիմնականում տեղական գործադիր մարմինների ճնշման ներքո դատարանները միանգամայն անարդար որոշումներ են կայացրել», – ասում է փաստաբանը:

Ռասուլ Մամեդովը, որի որդի Սաբուհին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման խուլիգանության մեղադրանքով, ասում է, որ իր որդին նույնպես դարձել է Ադրբեջանի աղավաղված դատական համակարգի զոհը:

«Տղաս այսօր բանտում է, որովհետեւ հայտնվել էր սխալ վայրում, սխալ պահին», – ասում է Մամեդովը՝ պարզաբանելով, թե ինչպես է 2013-ի հոկտեմբերին նրա՝ այն ժամանակ 23-ամյա որդին գնացել ընկերոջ հետ հանդիպման:

Հասնելով հանդիպման վայր՝ Մամեդովի որդին տեսել էր, որ ընկերը ծեծկռտուքի մեջ է ընկել եւ փորձել էր բաժանել կողմերին, սակայն փոխարենն ինքն էլ էր ծեծի ենթարկվել: Ծեծկռտուքի ժամանակ մեկի ձեռքին դանակ էր հայտնվել, որով վերջինս երեք հոգու վիրավորել էր: Վիրավորներից մեկը հետագայում մահացել էր:

Այնուհետեւ պարզվել էր, որ մեռնողի հայրը բարձրաստիճան պաշտոնյա է, որը պահանջել էր, որպեսզի կռվի բոլոր մասնակիցները պատժվեն:

«Սաբուհի Մամեդովը չէր ճանաչում ո՛ չ մեռնողին, ո՛ չ մարդասպանին, ո՛ չ էլ կռվի այլ մասնակիցներին: Նա միայն ծեծկռտուքի մասնակիցներից մեկին էր ճանաչում, ինչն էլ ստիպել էր նրան միջամտել՝ կողմերին բաժանելու նպատակով: Այն փաստը, որ իմ պաշտպանյալը պատահաբար էր կռվի մասնակից դարձել, հաստատվել է ծեծկռտուքի բոլոր մասնակիցների կողմից: Չնայած սրան, … նրան չորս տարվա ազատազրկման դատապարտեցին», – ասում է Սաբուհի Մամեդովի փաստաբան Խալիդ Բագիրովը:

«Ես հասկանում եմ սգացող հորը: Նա իր որդուն է կորցրել: Սակայն անմեղ մարդուն պատժելը նրա որդուն հետ չի վերադարձնի», – ասում է Ռասուլ Մամեդովը:

Արդարադատության կոռումպացված համակարգն անգամ ստիպել է Ադրբեջանի որոշ քաղաքացիների դիմել հասարակական բողոքի ծայրահեղ դրսեւորումների:

Փետրվարի 27-ին Ադրբեջանի հյուսիսային Գաբալայի շրջանի Քոթուկլու գյուղի բնակիչները փորձել էին մուտք գործել Աղդամի շրջան, որը ներկայում գտնվում է հայկական զինուժի վերահսկողության տակ:

Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ սկսվեց անցյալ դարի 90-ականների սկզբին: 1994 թվականին կնքված զինադադարը փաստացիորեն սառեցրեց հակամարտությունը, առանց այն լուծելու: Արդյունքում՝ 1994-ին հաստատված փխրուն զինադադարը բազմիցս խախտվել է, իսկ վերջին լրջագույն բախումները տեղի են ունեցել ապրիլի երկուսին:

Աղդամ անցնելու դեպքում, 25 ադրբեջանցի գյուղացիները մեծ աղմուկ կբարձրացնեին՝ ուշադրություն հրավիրելով իրենց խնդիրների վրա:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները, որոնք իրենց գյուղում են բնակվում, օգտագործում էին իրենց կապերը՝ համագյուղացիներին ճնշելու համար: Եթե գյուղացիներից մեկը սկսում էր խանգարել նրանց, ապա նրա տանը կամ մեքենայում թաքցրած թմրանյութեր էին գտնում:

Բողոքի ցույցի մասնակիցները ձերբակալվել էին իրավապահ մարմինների կողմից, որից հետո նրանց տուն էին ուղարկել:

«Հայերի կողմից վերահսկվող տարածք մուտք գործելը եւ հայկական կողմում հայտնվելն անարժան քայլ է քաղաքացու համար: Բայց բյուրոկրատական քաոսն ու անարդար դատավարությունները մարդկանց այնպիսի վիճակի են հասցրել, որ նրանք էլ չգիտեն՝ ինչ անել», – ասում է փաստաբան Իմանովը:

 

Նուրգյուլ Նովրուզը ծածկանունով գրող լրագրող է՝ ծագումով Ադրբեջանից:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» պարբերականից (Համաշխարհային ձայներ #810, 7-ը ապրիլի, 2016թ.): Նյութի անգլերեն տարբերակը՝ ստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930