2016թ. ապրիլի 25-ից 27-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Բաքվում կայանալիք ֆորումին կարող է մասնակցել նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան կի Մունը, սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել ՄԱԿ-ում։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարությունից ասել են, որ ֆորումին կմասնակցեն շուրջ 120 երկրներից ժամանած 2500 հյուրեր, որոնց շարքերում կլինեն նախագահներ և նախարարներ։
Ռուսական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ֆորումի ընթացքում նախատեսվում է նաև ստորագրել Բաքվի հռչակագիրը։
Տեղեկացնենք, որ ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինք ծրագիրը հիմնադրվել է 2005թ.՝ Իսպանիայի և Թուրքիայի կառավարությունների ղեկավարների համատեղ նախաձեռնության արդյունքում։ Դաշինքի նպատակը աշխարհի բևեռացումը կանխելն է։