ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀՐԱԶԴԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Հրազդան քաղաքի հարգարժա՛ն բնակիչներ
Սիրելի՛ հրազդանցիներ
Ավարտվեցին ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և Հրազդանի ընտրողները կրկին ինձ վստահեցին քաղաքի առաջիկա տարիների ղեկավարումը:
Կարդացեք նաև
Մեծապես շնորհակալ եմ և իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում իմ բոլոր ընտրողներին, շնորհակալական խոսքեր եմ հղում նաև ինձ չընտրողներին:
Ինձ տրված բոլոր քվեներն ընկալում եմ, որպես վստահության երաշխիք, որը նոր ուժ կհաղորդի առաջիկա տարիներին Հրազդանում նոր որակի աշխատանքներ իրականացնելու հարցում:
Ինձ չտրված բոլոր քվեները բերում են այն վերլուծությանը, որ առաջիկա տարիներին մեր քաղաքում պետք կատարվեն առավել արդյունավետ աշխատանքներ, որպեսզի այդ անձինք ևս ապագայում ձևավորեն իրենց վստահությունը:
Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցությանը,երկրի քաղաքական և մարզային իշխանություններին, իմ բոլոր համակիրներին և կողմնակիցներին:
Պետք է շնորհակալ լինեմ նաև մրցակիցներիս՝ հրազդանյան ընտրություններն առավելապես մրցակցային դարձնելու համար, որի պարագայում արձանագրված հաղթանակն առավել համոզիչ ու հիմնավոր է դառնում:
Եվ բնականաբար շնորհակալական խոսքեր պետք է հղեմ բոլոր լրատվամիջոցներին, ովքեր անկախ իրենց ուղղվածությունից, այս օրերին Հրազդանում էին և լուսաբանում էին հրազդանյան ընտրական առօրյան:
Այս ամենով հանդերձ դարձյալ վերահաստատում եմ Հրազդան քաղաքում առաջիկա տարիներին բազմաթիվ դրական զարգացումներ ապահովելու՝ իմ պատրաստակամությունը և «Իմ թիմը հրազդանցի՛ն է» կարգախոսի ներքո առաջիկա տարիներին մեր քաղաքում նկատվելու են բազմաթիվ դրական տեղաշարժեր:
Շնորհակալությամբ և երախտագիտությամբ
Հրազդանի քաղաքապետ
Արամ Դանիելյան