Ռուսական «Կոմերսանտը» ծավալուն անդրադարձ է կատարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցին Ստամբուլ, որտեղ Բելառուսը դիտորդի կարգավիճակով մասնակցեց «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովին, իսկ Լուկաշենկոն առանձին հանդիպում ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
«Կոմերսանտի» հոդվածագիրները նշում են, որ բավական անսպասելի էր Բելառուսի նախագահի այցը Ստամբուլ՝ ռուս-թուրքական լարված հարաբերությունների այս ժամանակաշրջանում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Բելառուսը ՌԴ համար դաշնակից պետություն է։
Վերլուծության մեջ հնարավոր տարբերակ է համարվում վարկածը, թե նախագահ Էրդողանը Լուկաշենկոյին Ստամբուլ էր հրավիրել ռուս-թուրքական հարաբերություններում «Բելառուսական խաղաքարտը» ձեռք բերելու համար և ամենազարմանալին այն էր, որ Բելառուսի նախագահն անմիջապես ընդունել է Թուրքիայի առաջարկը, մինչդեռ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովին ՌԴ-ն ներկայացված էր այդ երկրի ԱԳՆ հատուկ հանձնարությունների դեսպան Կոնստանտին Շուվալովի մակարդակով։
Ռուսական պարբերականի հոդվածագիրների զարմանքի պատճառ է դարձել հատկապես այն, որ Բելառուսի նախագահը ոչ միայն ակտիվորեն մասնակցել է իսլամական երկրների ֆորումին, այլև առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի հետ և կոչ արել զարկ տալ երկու երկրների հարաբերություններին։
Կարդացեք նաև
Վերլուծության հեղինակների կարծիքով՝ Լուկաշենկոն մի քանի տարօրինակ հայտարարություններ է կատարել՝ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։ Բելառուսի նախագահը, մասնավորապես, ասել էր. «Իսլամական աշխարհը կարող է դառնալ կայունության և անվտանգության հենքերից մեկը, երկրագնդի առաջադեմ և կայուն զարգացման շարժիչը»։
Ուշագրավ է, որ ծավալուն վերլուծականի ավարտին հոդվածագիրները մեջբերում են «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովի ավարտից հետո Բելառուսում Լուկաշենկոյի և ՌԴ Իվանովսկի երկրամասի նահանգապետ Պավել Կոնկովի հետ հանդիպման ընթացքում Լուկաշենկոյի խոսքերը, որտեղ Բելառուսի նախագահը մեկնաբանում է Ստամբուլ կատարած իր այցելությունը. «Իմ նպատակը ամբողջովին պարզ էր։ Հենց այդպիսի մակարդակի հանդիպումների ընթացքում է հնարավորություն ստեղծվում հանդիպել այլ պետությունների ղեկավարների հետ և քննարկել համագործակցության հնարավորությունների ճանապարհային քարտեզները, ինչպես նաև խոսել, թե ինչպես են իրականացվում երկկողմ պայմանավորվածությունները»։