Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Ավետիսյան. «Միշտ էլ կլինեն ավերվող հուշարձաններ, գանձագողեր եւ նրանց դեմ պայքարողներ» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2016 11:55

Ապրիլի 18-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրն է: Այդ առիթով ապրիլի 18-ին «Անդրադարձ» մամուլի ակումբը հյուրընկալել էր Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանին, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանին, Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանին եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանին:

Գագիկ Գյուրջյանը նշեց, որ ամեն մարդ որոշակիորեն առնչվում է պատմամշակութային ժառանգությանը, հետեւաբար Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը յուրաքանչյուրիս տոնն է: «Այս տարվա կարգախոսը Սպորտի ժառանգությունն է, ինչին նպաստել է նաեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադան: Սպորտը հետաքրքիր թեմա է, սպորտը միշտ թելադրել է որոշակի ճարտարապետություն եւ հորինվածքներ, ժայռապատկերների վրա էլ սպորտային տարրեր են հանդիպում: Օրինակ, Հին Հունաստանում էլ կան նման կառույցներ, վերցնենք հանրահայտ Կոլիզեումը, որը սպորտի ժառանգության բացառիկ նմուշ է»,- ասաց պարոն Գյուրջյանը:

Երանուհի Մարգարյանն էլ հայտնեց, որ ՀՀ պատմամշակութային ժառանգության ցանկում բազմաթիվ հուշարձաններ կան, որոնք առնչվում են սպորտային ժառանգությանը: «Սպորտ բառը հայերենում նույնանում է խաղ, զվարճանք բառերի հետ, հայկական կենցաղում մշտապես եղել են զվարճախաղերը, որոնք տոնածիսական համակարգի պարտադիր բաղադրիչներից են եղել»,- հավելեց նա:

Պավել Ավետիսյանը կարծում է, որ հուշարձանների պահպանությունը պետք է դիտարկել պետական քաղաքականության եւ հանրության վերաբերմունքի համատեքստում, որովհետեւ այն ծավալի աշխատանքները, որ այսօր արվում են պետության կողմից, եւ հուշարձանների թիվը, որ ունենք՝ համադրելի չեն: Նրա ձեւակերպմամբ, հանրությունը եւս պետք սկսի պահպանել ժառանգությունը: «Նախկինում հնագետները բողոքում էին, որ հնագիտական հուշարձանները սոցիալական ծրագրերում չեն ներառվում: Վերջին տարիներին պատկերը փոխվել է, այսօր կան հնավայրեր, որոնք բացվել են, ու հիմա այդ տեղերում նման աշխատանքներ են սկսվել Դվինում, Արտաշատում, Արենի 1 քարայրն է պատրաստ զբոսաշրջիկները ընդունելուն, նույնը Դաշտադեմ ամրոցում է»,-հայտնեց պարոն Ավետիսյանը:

Նա փաստեց, որ կան նաեւ հուշարձանների ավերման դեպքեր, ինչպես օրինակ Սյունիքում կատարվածը, երբ մեկը հատուկ սարքերով մեծ արժեք ունեցող նմուշներ էր փնտրել ու գտել: «Երկու օր առաջ ինձ հետ կապվել են Արագածոտնի մարզից, էլի հուշարձանի տարածք ավերողների եւ գանձագողերի են բռնել: Միշտ կլինեն ավերվող հուշարձաններ, գանձագողեր եւ նրանց դեմ պայքարողներ: Բայց այն պահից, երբ պետությունը կսկսի սոցիալական ծրագրեր մշակել, մարդը կսկսի հասկանալ, որ հուշարձանը կարող է շահ բերել իրեն, վերաբերմունքը կփոխվի»,- ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը: Անդրադառնալով «սպորտային» հուշարձաններին, հիշեց, որ վերջերս

Արագածի փեշերին նոր հուշարձան են հայտնաբերվել՝ այդտեղ կենդանիներին քշել են ու որսացել են, դա եւս ժամանակին սպորտային խաղ է եղել:

Սամվել Մուսոյանի խոսքով, այս պահին մի քիչ ուշացել է հուշարձանների՝ համապատասխան ցուցատախտակներով ապահովումը, դա ընդգրկված է կառավարության միջնաժամկետ ծրագրերում: Նրա խոսքով էլ, շատ կարեւոր է հուշարձանի հանրահռչակումը, մինչդեռ միայն պետական քաղաքականությամբ հնարավոր չէ այդքան միջոցներ ներդնել հանրահռչակման համար:

Պարոն Մուսոյանը շեշտեց, որ այս պահին 245 հուշարձան առավել վտանգվածների ցանկում է:

Բանախոսները անդրադարձան նաեւ հուշարձանների վերաբերյալ օրենսդրական որոշակի անկատարությանը՝ կապված մասնավոր հատվածի հետ: Շատ երկրներ, մասնավորապես Իտալիան, Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան այդ առումով օրինակելի վիճակում են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930