Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական գծով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ առաջիկայում կարող են վերսկսվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Հասանովի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունները վերսկսելու առաջարկը ստացվել է Մոսկվայից և ավելացրել, որ այժմ նախապատրաստվում է բանակցային գործընթացը. «Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների հագեցած փուլ»։
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ադրբեջանցի և հայ իր պաշտոնակիցների հետ և հայտարարել, որ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի հակամարտության կարգավորմանը։