(Պ-ն Արկադի Տեր-Թադևոսյանին)
Մեծարգո պ-ն Տեր-Թադևոսյան, երբ իմացա, որ մեր անվտանգության խնդիրները լավագույնս լուծելու համար կոչ եք արել աշխարհասփյուռ հայ գեներալներին հավաքվել Երևանում, ափսոսացի, որ ո՛չ ռազմական ակադեմիա ավարտած գեներալ եմ, և ո՛չ էլ Արցախի պատերազմի մասնակցի «գեներալ» մականուն ունեմ: Այդուհանդերձ գտնում եմ, որ անպայման պիտի (իմ չափով) մասնակցեմ Ձեր նախաձեռնությանը:
Ինձ մոտ մտավախություն կա, որ ՀՀԿ ու ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ Վահրամ Բաղդասարյանի և Լևոն Զուրաբյանի կողմից արված, Արցախում խաղաղապահ զորքերի տեղակայման և տարածքների հանձնման կամ հնարավոր փոխանակման հայտարարություններից հետո Ձեզ մոտ առաջացած անհանգստությունը կարող է փոխանցվել մեր ժողովրդին ու տագնապ առաջացնել:
Ուստի Ձեզ խնդրում եմ դրան մոտենալ ըմբռնումով, քանզի ցանկացած դատողություն բխում է մարդու տեսակի բովանդակությունից: Սա այն դեպքն է, երբ մեր ռուս «բարեկամները» ասում են՝ ‘‘Из всех видов дураков опасен дурак с инициативой’’:
Կարդացեք նաև
Պ-ն Տեր-Թադևոսյան, Ձեր կոչին արձագանքող առաջիններից մեկը ՌԴ-ում ապրող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն էր: Հարցազրույցի ժամանակ նա հայտարարել էր. «Մենք գալիս էինք, բայց դեսպանատունը թույլ չտվեց»: Գեներալին թեկուզ չի հաջողվել Երևան հասնել, բայց տեղ են հասել նրա «իմաստալից» գնահատականները՝
«Մեր դիվանագիտությունը աշխատում է զզվելի»:
Ի՞նչ նկատի ուներ գեներալը, այն որ մեր դիվանագիտությունը աշխատում է սեփական ժողովրդի դե՞մ: Իսկ ի՞նչ է, դիվանագիտությունը բարոյակա՞ն կատեգորիա է:
Գուցե գեներալն ակնարկում էր, որ մեր դիվանագիտությունը բավականաչափ արհեստավարժ չէ: Իրո՞ք չունենք դիվանագետներին բնորոշ հատկություններով օժտված մարդիկ:
Չափից ավելի հղկված պատմագրությունը, որտեղ Թալեյրանները, Ֆուշեները և այլոք դրական (կամ վիճելի դրական) կերպարներ են ներկայացվում, իրականում, հասարակության անգործության պարագայում, բազմիցս են դավաճանել սեփական երկրների շահերը, և միայն ճնշման գործոնի հայտնվելու դեպքում հարկադրված, կրկին արել են այն, ինչի համար կոչված են եղել:
Եվ եթե մեզ թվում է, որ ժամանակին Թալեյրանը ավելի մեծ դիվանագետ է եղել, քան ասենք, դեմագոգիայի արվեստին փայլուն տիրապետող մեր Խոսրով Հարությունյանը, ցանկացած իրավիճակում ջրից չոր դուրս եկող Վարդան Այվազյանը կամ, Ֆուշեն ավելի խորամանկ է եղել, քան մեր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը (և այլք), ապա չարաչար սխալվում ենք: Մենք ունենք դիվանագետին բնորոշ հատկություններով օժտված անձինք: Խնդիրն այն է, թե ինչպես հասնել նրան, որ վերջիններս ծառայեն սեփական ժողովրդին:
Ադրբեջանի կողմից Արցախը ետ գրավելու «կայծակնային պատերազմ» օպերացիայի ձախողումով ՌԴ-ի բոլոր ջանքերն ի չիք եղան, որն էլ ՀՀ իշխանությունների հանդեպ Մոսկվայի զայրույթը հասցրեց ցասումի: Ներկայումս ՀՀ կառավարությունը գտնվում է մի կողմից՝ իրենից երես թեքած Մոսկվայի, իսկ մյուս կողմից՝ սեփական ժողովրդի ճնշման տակ:
ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է, որ ռուսական կայսրությունը վաղ թե ուշ վերացնում է սպառված գործակալներին և ետ դարձի ճանապարհը նրանց համար փակ է: Նշենք, որ մարդկանց այդ տեսակը առաջնորդվում է բնազդով և ապավինում բացառապես ֆիզիկական ուժին:
Ուստի ՀՀ կառավարության վրա համայն հայության ճնշումը գործադրելու պարագայում ՀՀ իշխանությունները հարկադրված կլինեն շրջվել օտարից և ծառայել սեփական ժողովրդին: Ծառայի համար հոգ չէ տեր փոխելը: Դա նրանց համար կլինի մահապատժից փրկվելու լավագույն տարբերակը:
Նման իրողության ականատեսը մենք եղել ենք 1988-ին, երբ ժողովրդի ճնշման տակ ԽՍՀՄ գործող իշխանությունները իրականացնում էին «Ղարաբաղ կոմիտե»-ի քաղաքականությունը:
1915թ-ից հետո՝ հարյուր տարի անց մեզ ընձեռվել է ոտքի կանգնելու երկրորդ հնարավորությունը: Անդարձելի հաղթանակի համար ներկայիս ուժից ավելի մեծ ուժ է հարկավոր:
Ի՞նչը կարող է մեծից ավելի մեծ ուժ ծնել՝ միայն համայն հայության համախմբումը, որով մարդկության գիտակցությանը կհասնի, որ Արցախի պատերազմը ավելին է, քան տարածքային կռիվը:
Երբ երեքը դուրս են գալիս մեկի դեմ (ռուս-թուրք-ազերի), դա արդեն անառակության ու առաքինության պատերազմ է:
18-20 տարեկան մեր բազեները իրենց միասնականությամբ 2016թ-ի ապրիլի հինգը ակամայից հռչակեցին Գարեգին Նժդեհի բաղձալի՝ Ազգ- բանակի հիմնադրման օր:
Համայն հայությանը մնում է միայն զինվել, զինվել ու կրկին զինվել:
Պ-ն Տեր-Թադևոսյան, մենք սպասում ենք Ձեր հրահանգներին:
Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ
«Պ-ն Տեր-Թադևոսյան, մենք սպասում ենք Ձեր հրահանգներին» եւ անպայման հեռանալ ՀՀԿ-ից,որին անդամակցելը մեծ….վրիպում էր….