Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն այս գիշեր վերադարձան Երեւան:
«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորելու էին եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, ծանրորդների հարազատները, բազմաթիվ մարզասերներ:
Գագիկ Ծառուկյանը մեկ առ մեկ ջերմորեն ողջունեց ծանրորդներին՝ նրանց ուսին գցելով դափնեպսակներ: Իսկ հետո լրատվամիջոցներին ասաց. «Մեր ծանրորդները ցույց տվեցին, որ իրենք ուժեղագույնն են Եվրոպայում: Բայց սա ինձ համար ոչ այնքան մարզական, որքան բարոյական հաղթանակ է: Այս պատերազմական ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունն այստեղ էր: Մեր մարզիկները Եվրոպայում եւ Թուրքիայում կարողացան բարոյական հաղթանակ տանել, ցույց տալ ազգի հզորությունը, որ հայ ազգը կարող է հաղթել այնպիսի գերպետությունների, ինչպիսիք են Թուրքիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, մյուս երկրները, որ կարող են անհատականից բացի նաեւ թիմային առաջին տեղը գրավել: Բոլոր պարագաներում հայ ազգը, եթե միասնական լինի, հաղթող է:
Կարդացեք նաև
Այս հաղթանակը ոգեւորեց բոլորին՝ եւ այստեղ, եւ Ղարաբաղում: Ամեն անգամ, երբ մեդալ էին շահում, Հայաստանի դրոշը բարձրանում էր, օրհներգը հնչում, նրանք ասում էին, որ իրենք մեզ հետ են, Ղարաբաղում կռվող զինվորների հետ են: Դա ոգեւորում էր: Կեցցեն իրենք, փառք ու պատիվ նրանց, որ կարողացան այս ծանր պահին հաղթանակի բերկրանքը ցույց տալ մեր ժողովրդին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ