Ապրիլի 16-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» դրամայի բեմականացումը Թեքեյան մշակութային միության Մհեր Մկրտչյան թատերախմբի կատարմամբ: Բեմադրությանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՄՀ ռեկտոր, Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ պ-ն Ռուբեն Միրզախանյանը, դրամայի հեղինակ Պերճ Զեյթունցյանը, պաշտոնատար այլ անձինք, մտավորականներ, արվեստագետներ: Թատերախմբի հյուրախաղերի հովանավորությունը ստանձնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Թատերախումբը հիմնվել է 1997 թվականին Նյու Յորքում: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ժիրայր Փափազյանը, իսկ խմբի խաղացանկն ընդգրկում է շուրջ 20 ներկայացում: Ներկայացման դերակատարներն էին Հարութ Պարսումյանը (Սողոմոն Թեհլերյան), Գառնիկ Ներսեսյանը (Թալեաթ փաշան), Հակոբ Վարդիվառյանը (Հովհաննես Լեփսիուս), Արմենակ Գուրուշյանը (Հենրի Մորգենթաու, Ֆայեզ Էլ Հուսեյն) և այլք:
Չնայած թատերախումբը արհեստավարժ չէ, սակայն դերասանների նվիրվածությունը և իրենց դերի կարևորության գիտակցումը նրանց մատուցումը հասցրել էր բարձր արհեստավարժության մակարդակի: Բեմականացումն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Ներկայացումն ավարտվեց հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո: ՀՀ սփյուռքի նախարարի ողջույնի խոսքը ներկայացրեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նախարարի խոսքում մասնավորապես նշվում էր. «Մեզ համար այս դժվարին փորձության օրերին, երբ թշնամին նորից փորձում է խախտել մեր անդորրը, այս դրաման ներկայացնելը նոր խորհուրդ է ձեռք բերում: Այն մեկ անգամ ևս ապացուցում է, որ անսասան է հայի ոգին, արդարամիտ, ընդվզող և իր իրավունքների պաշտպանությանը նախանձախնդիր: Շնորհակալություն թատերգության հեղինակին` մեր կենդանի դասական Պերճ Զեյթունցյանին, բեմականացման ռեժիսորին` Ժիրայր Փափազյանին, թատերախմբի ամբողջ կազմին` այս հրաշալի ներկայացման համար»:
Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարարի հրամանը Նյու Յորքի Մհեր Մկրտչյան թատերախմբին ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով պարգևատրելու մասին և գեղարվեստական ղեկավարին հանձնեց շնորհակալագիրը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ