Ապրիլի 16-ին Հայ գիրք գրախանութում տեղի ունեցավ քննարկում Հայաստանի հիփ-հոփ, պարկուր, բրեյք դանս մշակույթների ներկայացուցիչների միջև: Քննարկման նպատակն էր միավորել հիփ-հոփ մշակույթը և կազմակերպել բարեգործական համերգներ, որոնցից ստացված հասույթը կուղղվի Արցախի բնակիչներին եւ սահմանին կանգնած տղաներին:
Քննարկման կազմակերպիչ Դավիթ Աղաջանյանը նշեց, որ հանդիսանում է Հայաստանում հիփ-հոփ մշակույթի հիմնադիրներից մեկը, և իր նպատակն է այս ոլորտում իրենց գործի գիտակ մարդկանց մեկ վայրում հավաքելը. «Պատահական չէ, որ հանդիպումը հենց գրախանութում է անցկացվում: Հավաքներ ակումբերում կամ այլ ժամանցի վայրերում եղել են: Բոլորը նոր երիտասարդության մի մասն են կազմում, որպեսզի դեպի գրականությունն ավելի մեծ հոսք լինի, որոշեցինք հանդիպումը կազմակերպել այստեղ: Պետք է հասկանանք, որ մի փոքր պարտավորություն ենք վերցնում մեզ վրա: Արվեստին գրականությանն ու մտավորականությանը մոտ լինելը մեզ միայն օգուտ կարող է բերել»:
Դավիթը խոսեց նաև բարեգործական համերգների ծրագրերից. « Մեր նպատակը մեկն է՝ գործել միասնական: Բարեգործական համերգների հաջողությունը կախված է հենց դրանից: Քանի որ սա այնպիսի ոճ է, որ առաջինը կգրավի երիտասարդներին, որոշեցինք համերգները սկզբում անցկացնել բուհերում: Համերգների ժամանակ կտեղադրվեն տուփեր, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա գումար թողնել: Այդ գումարը ուղղվելու է սահմանին կանգնած մեր տղաներին՝ որպես օգնություն, օժանդակություն »:
Հայաստանի պարկուրի և ֆրիրանինգի ֆեդերացիայի նախագահ Նարեկ Ավոյանը անդրադարձավ քննարկմանը՝ ասելով, որ միշտ պատրաստ է մասնակցել նման հանդիպումներին. « Համերգի նախաձեռնությունն ու միտքը շատ լավն է: Մենք բոլոր ոլորտներում պետք է ապացուցենք, որ լավագույնն ենք: Ես կարող եմ խոսել իմ ոլորտի մասին՝ ասելով, որ ի տարբերություն մեզ, Ադրբեջանում պարկուր մշակույթ գոյություն չունի: Կարծում եմ՝ պետք է ավելի զարգացնել այս ուղղությունը: Պարկուրի զարգացման համար մենք պարբերաբար միջոցառումներ ենք կազմակերպում Հայաստանի տարբեր մարզերում»:
Գարեգին Հարությունյանը (DJ Sniper) դիջեյությամբ զբաղվում է 2007թ.-ից և կարծում եմ, որ այսօր հիփ-հոփ մշակույթը Հայաստանում զարգացվածության շատ բարձր մակարդակի վրա չէ. « Այս մշակույթը բաժանվել ու մասնատվել է, և չեն պահպանվում այն էլեմենտները, որ կան իրականում: Մեծամասնությունը զբաղվում է սրանով, քանի որ մոդայիկ է: Ունենք ռեփերներ, որ գաղափար չունեն հիփ-հոփ կուլտուրայից: Ես աջակցում եմ բոլոր հիփ-հոփ նախագծերին, որովհետև սիրում եմ այս մշակույթը ու ուզում եմ այն տեսնել այնպես, ինչպես կա իրականում, այլ ոչ թե աղավաղված, սխալ ներկայացված ու մատուցված»:
Ըստ Դավիթի՝ այս համերգները կնպաստեն Հայաստանում հիփ-հոփ մշակույթի զարգացմանը. «Այսօր երիտասարդները կտրված են հիփ-հոփից: Հիփ-հոփն իր մեջ 4 ճյուղ է պարունակում՝ ռեփ, գրաֆիտի, բրեյգ դանս և դիջեյինգ: Եթե զբաղվում ես սրանցից յուրաքանչյուրով, պետք է գոնե մի փոքր տեղեկացված լինես քո ոլորտից , հետաքրքրված լինես դրանով: Իսկ այսօր ոլորտի հետ կապ չունեցող, բայց դրանով զբաղվող մարդիկ շատ են: Չկա ոգևորություն ոլորտում, ֆինանսավորումը քիչ է: Մի բան երբ քեզ ֆինանսապես մեծ օգուտ չի տալիս, ինչքան էլ սիրելի գործ լինի,այն սիրողական բնույթ է սկսում կրել և մեխանիկորեն անցնում երկրորդ պլան: Կարծում եմ ոլորտը զարգացնելու նախադրյալների մեծ մասը մեր ձեռքում է պարզապես պետք է դրանք ճիշտ օգտագործել»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ