Թալինի 15/1 ընտրատեղամասի վերջին ընտրողը ներկա քաղաքապետ Սարգիս Արամյանն էր, որ ցանկանում է երկրորդ անգամ վերընտրվել քաղաքապետի պաշտոնում:
Նշենք, որ ողջ օրվա ընթացքում ի տարբերություն մյուս երկու թեկնածուների պարոն Արամյանը խուսափեց լրագրողների հետ հանդիպումից: Նա ընտրատեղամաս եկավ քվեարկության ավարտից ընդամենը 5 րոպե առաջ եւ լրագրողների հարցերին ի պատասխան նշեց, որ ողջ օրվա ընթացքում հանգստանում էր: Այն հարցին՝ այսօր Թալինում էին «Հանրապետական» մի շարք գործիչներ, պարոն քաղաքապետը նշեց, որ իր կուսակցական ընկերներն են, որոնք եկել են իրեն սատար կանգնելու:
Նշենք նաեւ, որ օրվա ընթացքում նկատելի էին կուտակումներ՝ հատկապես «ՀՀԿ» թեկնածու Սարգիս Արամյանի նախընտրական շտաբի մոտ: Թալինում էին Երեւանի մի քանի վարչական շրջանների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Այս ընտրատեղամասում 1867 ընտրողից քվեարկությանը մասնակցեցին 1184-ը: Ինչպես այս, այնպես էլ մյուս ընտրատեղամասերում, ողջ օրվա ընթացքում ընտրողների ակտիվությունը նկատելի էր:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ