Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է փակվում Գյումրու Ջազ ակումբը (Տեսանյութ)

Ապրիլ 17,2016 18:35

Գյումրու Ջազ ակումբը, որը 4 տարի շարունակ բարձրաճաշակ երաժշտություն է թելադրում այս քաղաքի բնակչությանը, այստեղ համերգներ են տալիս ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ջազմեններ, ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը: Այսօր լրագրողները «Ջազի հայկական ասոցիացիայի» նախագահ Կամո Մովսեսյանից հետաքրքրեցին, թե ինչպե՞ս է արձագանքում այս ամենին, ո՞վ է մեղավոր այս հարցում, արդյո՞ք պետությունը որոշակի անելիք չուներ այս հարցում: «Գիտեք, իրոք, շատ ցավալի է, որ նման ակումբները փակվում են, նպատակներից մեկը նաեւ պետք է լինի, որպեսզի կարողանանք այնպես անել, եւ դա հնարավոր է, մենք ծրագիր ունենք, անգամ չեմ կիսվել Գյումրու Ջազ ակումբի հիմնադիր Մկրտիչի հետ, առաջին անգամ եմ ասում, կփորձենք որոշակի կերպով օգտակար լինել՝ կամ կոնկրետ ֆինանսական առումով կամ ծրագրեր ներկայացնենք, որ ջազը զարգանա: Եվ դա ոնց են զարգացնում, կարելի է համերգներ կազմակերպել, կարելի է տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպել, բայց զարգացման մի տեսակն էլ այն է, որ նման ակումբները, որտեղ երիտասարդ երաժիշտները, որոնք նախընտրել են այդ ուղղությունը, ունենան մի տեղ, որտեղ կարողանան արտահայտվեն, իրենց երաժշտությունը ներկայացնեն, լավ, թե վատ, դա արդեն այլ հարց է: Մարդիկ ունեն ասելիք, պետք է ինչ-որ մի հատված լինի քաղաքում, որտեղ իրենք իրենց ասելիքը կարողանան ներկայացնել, իմ կարծիքով դա լավագույն ձեւերից մեկն է: Իրոք, ես շատ եմ ցավում, բայց հույսով եմ, որ սա ժամանակավոր բնույթ կկրի, եւ ասոցիացիայի նպատակներից մեկը նաեւ այն է, որ այս երաժշտությունը պրոպագանդվի տարբեր մակարդակներում ե՛ւ հեռուստատեսությամբ, ե՛ւ ակումբային տեսքով», -ասաց Կամո Մովսիսյանը:

Վահագն Հայրապետյանն էլ, նշելով, որ Գյումրիում կան 25 երաժշտական դպրոցներ, կոնսերվատորիա, երաժշտական ուսումնարան, երաժշտության այս ժանրը պիտի դասավանդվի, դպրոցները պիտի տան երաժիշտ կադրեր, որոնք կնվագեն ջազ ակումբում ու կհավաքեն իրենց հանդիսատեսը: «Պարտադիր չէ, որ բոլոր սովորողները դառնան համար առաջին ջազային երաժիշտներ, ես վստահ եմ, որ Գյումրում այնքան տաղանդավոր երեխաներ կան, որոնք ցանկություն ունեն այդ ամեն ինչը սովորելու, ուսումնասիրելու, նվագելու, բայց ես ինչ հիշում եմ միշտ Մկրտիչը Երեւանից է կանչում  երաժշտներին: Դա, բնականաբար, ավելի մեծ ծախսերի հետ է կապված, հենց թեկուզ միայն տրանսպորտի, գնալ, գալու եւ այլ, եւ այլն: Բայց կարելի էր էդ ամեն ինչը այստեղ ունենալ, դպրոցը, մասնագետներին կարելի է Երեւանից, նույնիսկ Ռուսաստանից կամ տարբեր տեղերից հրավիրել: Գյումրին ունենա իր երաժշտական խմբերը, ունկնդիրը ստեղծվում է այդպես, էդ տաս աշակերտները կունենան ընկերներ, ընկերները ընկերներ, ծնողներ, ծնողների բարեկամներ, հարեւաններ  եւ այլ, եւ  այլն ու այսպես ստեղծվում է միջավայրը: Լիքը մարդ կա, որ կյանքում ջազ չի լսել կամ այնպիսի ջազ է լսել, որ չի սիրում, բայց մեկ էլ մի բան է լսում, ասում է՝ վայ ես սիրում եմ այս երաժշտությունը»,- ասաց Վահագն Հայրապետյանը:

«Ջազի  հայկական ասոցիացիայի»  նախագահ Կամո Մովսեսյանը չհամաձայնեց  այն մտքի հետ, թե պետությունը պետք է ուշադրություն դարձնի այս ոլորտին, ըստ նրա, եթե պիտի պետությունը ուշադրություն դարձներ, ուրեմն «Ջազ ասոցիացիա» ստեղծելու իմաստ չէր լինի: Նրա համոզմամբ, եթե ինչ-որ գործ ես կազմակերպում, չպետք է հույս դնես ինչ-որ մեկի վրա, ինքդ պետք է քայլերը տանես, եթե ճիշտ քայլեր ես անում, գործն արդարացի է, միշտ կլինեն մարդիկ քո կողքին:  Նա ասաց, որ Գյումրու Ջազ ակումբի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը քայլեր արել է տարիներին ընթացքում, ու քանի որ դրանք ճիշտ քայլեր են, ուրեմն իրենք նրա կողքին են: «Ջազի  հայկական ասոցիացիա»-ի նախագահը նշեց, որ ոչ մեկը չէր պատկերացնի, թե Երեւանում բարձրամակարդակ ջազ փառատոն կանցկացվի, Mezzo Ֆրանսիական  հեռուստաալիքն էլ շուրջ տաս օր կգովազդի. այս հեռուստաալիքը հեռարձակվում է շուրջ 50 երկրում: «Քայլեր պիտի արվի, նստել ու մտածել, ինչի սրանք մեզ ուշադրություն չեն դարձնում, հաստատ մենք մի տաս օր էլ էդպես կնստենք ու կմնանք», -ասաց Կամո Մովսեսյանը: Նա նաեւ ասաց, որ այսօրվա համերգին, որը պիտի կայանա Գյումրիում, ոչ մի պետական կառույց չի աջակցել: Կամո Մովսիսյանը նկատեց, որ Երեւանի քաղաքապետն աջակցել է ջազային փառատոնին, իսկ Գյումրու քաղաքապետը՝ ոչ: Նա  նաեւ ասաց, որ լավ կլինի Գյումրու քաղաքապետն էլ ուշադրություն դարձնի:

Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջազ երաժիշտ Սերգեյ Մանուկյանն էլ նկատեց, որ բոլոր երկրներում էլ ջազային ակումբները  փակվում ու բացվում են: Օրինակ՝ Նյու Յորքում էլ ջազային ակումբներ են փակվել, քանի որ մեծ թվով մարդիկ չեն գնում: «Ջազ ակումբ պահելու համար պետք է վարձակալության համար զեղչեր լինեն, պետք է  խոսել քաղաքային իշխանությունների հետ: Ինչքան էլ պրոբլեմներ լինեն, կան բաներ, որոնք պետք է լինեն, մարդու էսթետիկական դաստիրակությունը պետք է լինի, լավ երաժշտություն ու մյուս լավ բաները անհրաժեշտ են»:
Գյումրու Ջազ ակումբի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանն էլ, խոսելով ակումբի փակման մասին, նշեց, որ եթե քաղաքային իշխանությունները սկսեն լսել որակյալ երաժշտություն, ինքնըստինքյան կպրոպագանդվի լավ երաժշտությունը ու ակումբները  չեն փակվի, կգոյատեւեն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930