Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր հայ նախագահ է, Բոնապարտ է…». համաշխարհային ջազմեն Սերգեյ Մանուկյան (Տեսանյութ)

Ապրիլ 17,2016 17:58

Այսօր երեկոյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «JAZZ CONNECTION»-ի  համերգը, ինչպես նշված է Գյումրու Ջազ ակումբի տարածած հայտարարության մեջ, մայրաքաղաքային երկու համերգներից հետո «JAZZ CONNECTION»-ը երկրներ կմիավորի նաեւ Գյումրիում: Համերգից առաջ՝ «Ջազի հայկական ասոցիացիա»-ն կազմակերպել էր մամուլի ասուլիս՝ ջազի վիրտուոզների ու համերգի կազմակերպիչների մասնակցությամբ:

Ասուլիսը տեղի ունեցավ Գյումրու Ջազ ակումբում, բանախոսներն էին Մոսկվայում բնակվող  համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջազ երաժիշտ Սերգեյ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը եւ «Ջազի  հայկական ասոցիացիայի»-ի նախագահ Կամո Մովսեսյանը: Նրանք խոսեցին հայկական ջազի զարգացման, «Ջազի  հայկական ասոցիացիա»-ի ստեղծման, Գյումրու Ջազ ակումբի փակման, ջազի լեզվով պատերազմի դեմ պայքարի մասին: Կամո Մովսիսյանը նշեց, որ ջազի հայկական ասոցիացիան շատ երիտասարդ է, վերջերս է ստեղծվել, պատվավոր նախագահը Լեւոն Մալխասյանն է: Ասոցիացիա ստեղծելու նպատակն այն է, որ հետաքրքիր ու լավ երաժշտության սիրահար մարդիկ միավորվեն մի գաղափարի շուրջ: Սերգեյ Մանուկյանն էլ ասաց, որ առաջին անգամ չէ, որ ինքը Գյումրիում է, անցած տարի նույն անձնակազմի հետ մասնակցել է Երեւանում տեղի ունեցած ջազային փառատոնին, որը կազմակերպել էր  «Ջազի  հայկական ասոցիացիան»:

Նա ասաց, որ հաճելի է Գյումրիում համերգ տալ, քանի որ սա յուրահատուկ քաղաք է, այստեղ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն է անցկացվում, բայց այնպիսի բարեկամական մթնոլորտ է, կարծես մրցույթ չէ: «Մարդիկ այստեղ այնպես են անում, որ ստացվում է կարծես մրցույթ է, մրցույթ չէ, ուղղակի մարդիկ կարծես հավաքել են, հաղթեցին, հաղթեցին, չհաղթեցին, չհաղթեցին, ոչինչ չկա սարսափելի, ահա այսպիսին է այս քաղաքի մթնոլորտը»:  Ինչո՞ւ է ջազը դեռ անհասկանալի մնում շատերի համար, Սերգեյ Մանուկյանը ինքնատիպ պատասխան տվեց: Ըստ նրա, ինքը, լինելով հայազգի ներկայացուցիչ, հոյակապ գիտի հայերիս հոգեբանությունը, մենք՝ հայերս, սիրում ենք խոսել այն մասին, որ այն, ինչ աշխարհում գոյություն ունի, ստեղծել ենք մենք՝ հայերս: «Ամեն անգամ ասում են ջազը  ստեղծել են հայերը ու վերջ…Յուրաքանչյուր հայ ֆանտազյոր է, յուրաքանչյուր հայ նախագահ է, Բոնապարտ է, ջազմենը նույնպես հայ է, իմ կարծիքով, այս հոգեբանությունը երբեմն աշխատում է. երբեմն իմ մոտ էլ գալիս ու հարցնում են՝ պարոն Մանուկյան, ինչո՞ւ ես ջազն այդպես նվագում, որովհետեւ հայե՞րն են այն ստեղծել: Նրանք վստահ են, որ հենց հայերս ենք ստեղծել, երբեմն այն գործում է, երբ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ արել են հայերը»,- ասաց Սերգեյ Մանուկյանը:

Կամո Մովսեսյանն էլ  ասաց, որ հայկական ջազը ոչ մի բաց տեղ չունի, եղել է, կա ու կլինի: «Եթե մենք ուզում ենք այն երաժշտությունը տալ, որ այսօր հանրաճանաչ է, կներեք, եկեք ռեստորանային ռաբիսը դնենք, մի երկու ջազային նոտա մտցնենք…Մշակույթը թելադրող է, դաստիարակող է, չի կարելի նայել էսօր ինչ են լսում, ինչ է ռեյտինգային: Էսօրվա ռեյտինգային հեռուստաալիքներն այն սերիալներ են, որոնք ես չեմ իմանում, գերմանական ֆիլմեր կան, դրանցից վատ, չեմ ուզում անուններ հնչեցնել, իսկ  դրանից վատ չի կարող լինել, հետո ինչ ռեյտինգն ունի, մի քանի բառ է մեջը հնչում, բայց հետաքրքիր տեսարաններ են.. Ջազը նույնպես թելադրող է: Չեմ ուզում անդրադառնալ հեռուստաալիքներին, բայց ,Փառք Աստծո, կամաց-կամաց սկսել են ճաշակով երաժշտություն ներկայացնել, դա միանգամից չի կարող լինել, մարդը չի կարող արթնանալ առավոտյան ու ասել՝ գիտեք ինչ, ես ջազ եմ սիրում, կամ ես սիրում եմ բլյուզ կամ ռոք կամ դասական երաժշտություն: Չի կարող լինել այդպես, դա պետք է քայլ առ քայլ, համերգներով փառատոներով, ինչ-որ նմանատիպ միջոցառումներով մարդկանց հասանելի դարձնել», -ասաց Կամո Մովսիսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930