Այսօր Հրազդանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Միսակյանն իր քվեարկությունը կատարեց ժամը 12:00-ին:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մինչև այդ ժամը որոշակի խնդիրներ առաջացել են, բայց դրանք հնարավորինս օպերատիվ կերպով հարթվել են. «Այս պահի դրությամբ, կարծեք թե, ամեն ինչ կարգին է: Ես ակնկալում եմ, որ այսուհետև նույնպես կարգին կլինի, որովհետև, վերջիվերջո, հրազդանցին պետք է իր խղճի ու համոզմունքի մտոք իր ընտրությունն անի: Որևէ մեկն իրավունք չունի մարդուն ուղղորդելու, մոտենալու կամ այլ խոչընդոտներ առաջացնելու: Հրազդանցիներն են որոշելու, թե ով է լինելու Հրազդանի հաջորդ քաղաքապետը, բացառապես հրազդանցիները: Մենք՝ որպես թեկնածուներ, մեր գործն արդեն արել ենք: Մեր ծրագրերը հնարավորինս փորձել ենք հասցնել մեր ընտրողներին, հիմա ընտրությունը նրանցն է»,- ընդգծեց նա՝ նկատելով, որ իրենք հնարավորն ու անհնարն անում են, որ բոլոր տեղամասերում ընտրություններն անցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարության չափանիշներին համապատասխան:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Միսակյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ