Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է այստեղ խիզախությունը

Ապրիլ 17,2016 13:49

Մոսկվայում ապրող մի կին վիրտուալ դաշտում «չոտկել է» ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին, թե ինչու ես Արցախին օգնելու համար դիմում Ռուսաստանի հայերին, դիմի՛ր Հայաստանի գող-ավազակ իշխանություններին: Չվիճարկեմ բովանդակությունը՝ չնայած կարծում եմ, որ մի «դիմումը» չի բացառում մյուսը: Տվյալ դեպքում ինձ ավելի շատ հետաքրքրում է այդ «չոտկելու» արձագանքը՝ վա՜յ, ապրես, խիզախ հայուհի: Բացատրեք ինձ, խնդրեմ, թե որն է այստեղ խիզախությունը: Ենթադրենք, ես այս նյութում ինչ-որ մի հայհոյանք եմ գրում Հայաստանի որեւէ իշխանավորի հասցեին, մի՞թե դա հերոսական արարք է: Լավ, ենթադրենք, մեկը, որը հայաստանյան իրողություններին ծանոթ չէ, մտածում է, որ ինձ դրա համար կարող են հետապնդել: Բայց եթե ես ապրում եմ, ասենք, Մոսկվայում  եւ «չոտկում եմ» Ստեփանակերտում ապրող որեւէ իշխանավորի, արդյո՞ք դա ինձնից ինչ-որ խիզախություն է պահանջում:

Կամ՝ երբ, ենթադրենք, Գլենդեյլում ապրող հայը կոչ է անում Հայաստանում ապրող հայերին՝ դո՛ւրս եկեք փողոց, հեղափոխություն արեք, դա խիզախությո՞ւն է: Ես այստեղ դարձյալ չեմ քննարկում՝ կոչը ճիշտ է,  թե՝ սխալ: Բայց ես կարո՞ղ եմ առաջարկել՝ հարգելի հայրենակից, եթե դու ճիշտ ես գտնում փողոց դուրս գալը, ապա վերադարձիր Հայաստան եւ դուրս արի փողոց:

Վիրտուալ դաշտի «խիզախության» եւ «հերոսականության» չափանիշները այլ են, տարբերվում են իրական կյանքի չափանիշներից: Մանավանդ, որ այս օրերին իրական հերոսությունների հարյուրավոր օրինակներ ենք տեսել: Խոսքն էլ է, անշուշտ, կարեւոր: Բայց ինձ թվում է՝ ավելի շուտ տեղ է հասնում զուսպ, փաստարկված եւ առաջարկություններ պարունակող խոսքը, ոչ թե այն խոսքը, որն ասվում է էմոցիաների ազդեցության տակ, «հերոսանալու» եւ պոպուլիզմով զբաղվելու նպատակով:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ռուսաստան փախած եւ ապաստանած այդ տիկնոջ գրածը տեղ մը տեսայ, մինչեւ ծայր իսկ չկարդացի, ժամանակ չվատնելու համար:

    Չի բաւեր ինք կծկել է, զաւակն ալ հանաւաբար փախցուցեր է զինվորական ծառայութիւնից, եւ դեռ երես ունի դուրսէն, անկրթօրէն, ցուցմունքներ տալու հողի վրայ հողը պահող մարդոց:

    Եւ անշուշտ թէ Համացանցում ծափահարում են նման դասալիքներին: Քանզի արդէն ծափարահողներուն մեծ մասը իրենք ալ փախստականներ են: Միւսներուն համար ալ, բաւարար է որ իշխանութեան դէմ մէկը բան մը հաջէ եւ արդէն ան հերոս է:

    Հայաստանէն դուրս ապրող հայերը մէկ բան ունիմ միայն ընելիք, քաւել ջանալու համար այնտեղից դուրս գտնվելու իրենց մեղքը՝ առաւելագոյն չափով, մնայուն եւ յարատեւ կերպով՝ օգնել ու զօրակցիլ Հայաստանին: Փողով եւ/կամ աշխատանքով:

    Միայն այդ ձեւով կարող ենք, թերեւս, արդարացնել դուրսը ապրիլը: Որովհետեւ եթէ ներսը ըլլայինք, այժմու դրութեամբ, միջոցը պիտի չունենայինք այդ օգնութիւնը հայթայթելու Մայր Հայրենիքին:

    Իսկ ինչ որ ալ ընենք, չենք կրնար հասնիլ՝ հողի վրայ մնացող, դիմացող ու դիմադրող իսկական հերոսների արժեքին, ըլլան անոնք զինվոր կամ սովորական քաղաքացի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930