Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են ընթանում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում:
Հիշեցնենք, որ ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում:
Նշված համայնքներից 30-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, և 3 համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 74 քաղաքացի, որոնցից 14-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի թեկնածու գրանցված 67 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու:
Կարդացեք նաև
Արդյունքում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 60 և ավագանու անդամի 64 թեկնածու:
Ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 5 տեղական հասարակական կազմակերպության թվով 113 դիտորդ: