Ես քաղաք Կապանից եմ: Մոտ մեկ ամիս առաջ հայտնաբերել եմ մեծ քանակությամբ բրոնզե իրեր, այլ ոչ թե գողացել եմ, ու իմ դեմ քրեական գործ են հարուցել, այլ ոչ թե պարգևատրել են:
Այդքանից հետո հնագետները ցանկանում են ինձ ներգրավեն իրենց շարքերը, որ նորանոր հայտնագործություններ կատարեմ: Ո՞ր հիմար մարդը կհամաձայնի: Դե, թող հնագետները այդ գանձերը գտնեին՝ տարիներով արևի, անձրևի տակ աշխատում են՝ մի քոսոտ, կոտրած սափոր են գտնում:
Կապանի ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանի դեմ ես ցուցմունք չունեմ: Բացի այդ՝ ինձ ոչ մեկը չի բռնել բրոնզյա գանձը վաճառելիս. դա սուտ է: Իսկ ոստիկանների դեմ ես բողոք ունեմ և կդիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ես գանձը գտնելուց մեկ շաբաթ անց դիմեցի Սյունիքի ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Սահակյան Սուրիկին, ասացի, որ այսպես բաներ եմ գտել, իրար հետ միասին գնացինք Կապանի ոստիկանություն: Ոստիկանապետի հետ խոսելուց հետո ես անձամբ, ոստիկանների օգնությամբ, գանձը բերել եմ Կապանի բաժին: Իսկ տանը մնացած իրերը, որ քննիչները առգրավել էին՝ դա մնացորդն էր: Այդ ամենը մոռացել եմ, որ հետս տանեմ ոստիկանություն:
Կարդացեք նաև
Փոխանակ փոխհատուցեն՝ գանձ հափշտակող սարքեցին և իմ շնորհիվ մի քանիսը լավամարդ դուրս եկան, թե տեսեք՝ աշխատում ենք:
Այդ գանձերը կցուցադրվեն Էրմիտաժում, եւ դա ո՞ւմ շնորհիվ….
Սեւակ ՍԱՖԱՐՅԱՆ
Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը.
«Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող՝ բրոնզեդարյան շրջանի հնաոճ առարկաներ հափշտակելու դեպքի առթիվ:
Նախնական քննության տվյալներով՝ Կապան քաղաքի բնակիչներից մեկը 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին մետաղորոնիչ սարքի միջոցով հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող «Շինատեղ» գյուղատեղիի տարածքից հայտնաբերել ու հափշտակել է բրոնզե հնագույն զարդեր և այլ հնաոճ առարկաներ։
Քննության ընթացքում բնակիչը ներկայացրել է տարբեր առարկաներ, որոնք բրոնզեդարյան շրջանի՝ ք.ա. 2-3-րդ հազարամյակի, լուրիստանյան մշակույթի զարդեր են, մասնավորապես՝ պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող բրոնզյա զանգակներ, թասեր, ունելի, բռնակներ, ծիսական զարդանախշեր, սեպ, գուրզեր, դաշույն, դաշույնի պատյաններ, եռոտանի կախազարդեր, բազկակալներ, ապարանջաններ, զրահաբաճկոնի դետալներ, կենդանիների երախակալներ, արձանիկ, մատանիների վերնամասեր և այլն:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը), և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են վեց տասնյակից ավել պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող առարկաներ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: