Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում վերքին մի քանի օրերին անդորր է, ադրբեջանական զինուժը գյուղի վրա կրակ չի բացում: Սահմանամերձ բնակավայրում հաշվում են ապրիլի սկզբի 4 օրերին ադրբեջանական գնդակոծության պատճառած վնասները: Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանն ասաց, որ գնդակոծության հետեւանքով վնասվել է բերքաբերցիներին պատկանող 2 մարդատար ավտոմեքենա: Այդ դեպքերից մոտ 10 օր առաջ ազերիների գնդակոծությունից վնասվել է Բերքաբերի բնակիչներից մեկի մարդատար ավտոմեքենան: Ադրբեջանական գնդակներից Բերքաբերում կով է սատկել, վնասվել են գյուղի առանձնատների տանիքների ծածկեր, դռներ,պատուհաններ եւ այլն:
Գյուղապետ Մադաթյանը հայտնեց, որ ադրբեջանական գնդակոծության պատճառած վնասները ճշտելու համար ինքը դիմել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Մարզպետարանի միջոցով փորձագետ է եկել Բերքաբեր, ով աշխատանքներ է կատարել վնասները հաշվարկելու համար: Վնասների դիմաց պետական բյուջեից դրամական փոխհատուցումը հետո է սպասվում: Մարտի 25-ին ադրբեջանական գնդակից Բերքաբերում վիրավորվել էր 64-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը: Ա. Մադաթյանի վկայությամբ՝ պատերազմական իրավիճակի պատճառով բերքաբերցիները հնարավորություն չունեն գյուղատնտեսությամբ զբաղվելու:
Գյուղի հողերի մեծ մասը, ամենաբերրի հողերը՝մոտ 700 հա, գտնվում են հայ-ադրբեջանական փաստացի սահման հանդիսացող Ջողազի ջրամբարի ձախ ափին, ադրբեջանցիների վերահսկողության տակ, նրանց կողմից են մշակվում: Բերքաբերցիներին մնացել են արհեստական լճի աջ ափին գտնվող փոքր տարածքները, ուր նրանք հացահատիկ են ցանել: Գյուղապետն ասաց, որ բերքաբերցիները մշակում են իրենց տնամերձ տարածքները: Չեն կարողանում դաշտում հողագործությամբ զբաղվել, քանի որ ադրբեջանական զինուժը կրակում է գյուղացիների ուղղությամբ: Նույն պատճառով բերքաբերցիները չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ, արոտավայրեր գրեթե չկան: Բերքաբեր տանող ճանապարհը խիստ անբարեկարգ է, փոսերով լի: Գյուղապետն ասաց, որ անձրեւներից հետո այն ավելի անբարեկարգ է դառնում:
Բերքաբերի դեն-դիմաց գտնվող, Ղազախի շրջանի Մազամ գյուղ մտնող ճանապարհի եզրին, անվտանգության նկատառումներով, ադրբեջանցիները հենապատ են կառուցել: Ա. Մադաթյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը շարունակում է ջրամբարի ձախ ափին ռազմական նշանակության հողաշեն ճանապարհի՝ խրամուղու շինարարությունը: Սահմանամերձ Բերքաբերը խմելու ջրի սուր խնդիր ունի: Համայնքի ղեկավարի խոսքերով՝ վերջերս մասնագետներ են եկել խմելու ջրագծի կառուցման համար նախագիծ կազմելու, սակայն սահմանում վերջին գնդակոծությունները խանգարել են այդ գործընթացին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ