Մենք, հայ համայնքի լիազոր ներկայացուցիչներս անվերապահ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության համար մեր ժողովրդի մղած ազգային–ազատագրական պայքարի նպատակներն ու արդյունքները, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ`
Արցախյան հիմնահարցի արդարացի կարգավորումը մեծագույն ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության և հայության հետագա ճակատագրի վրա:
Դրանով է պայմանավորված համայն հայության ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը` միասնական դիրքորոշման ձևավորման, համակարգված քայլերի և գործողությունների իրականացման համար:
Մենք պատրաստ կլինեինք ապավինել հիմնահարցի` միջազգային իրավունքի նորմերից բխող կարգավորման գործընթացին, եթե Ադրբեջանը չնենգափոխեր խնդրի էությունը և հրաժարվեր իր հախուռն ու ագրեսիվ նկրտումներից:
Կարդացեք նաև
Օգտվելով միջազգային հանրության որոշակի անտեղյակությունից, Ադրբեջանը փորձում է ներկայացնել Հայաստանը որպես «ագրեսոր», իր տարածքները, ներառյալ ԼՂՀ-ն, «զավթող», մոռացության տալով անհերքելի փաստը, որ ինքն է սկսել լայնածավալ պատերազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, ի պատասխան արդարացի և օրինական նրա պահանջի` իր պատմական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու: Ավելին, Ադրբեջանը հրաժարվում է բանակցել «ղարաբաղյան հիմնահարցի» կարգավորմանը վերաբերող խնդիրների շուրջ, փոխարինելով այն «ղարաբաղյան հակամարտություն» հասկացությամբ:
Մինչդեռ հիմնահարցը որպես այդպիսին առաջ է եկել 20-րդ դարի սկզբին և արդյունք է այն ժամանակ, և հետագայում տեղի ունեցած պատմական և քաղաքական իրադարձությունների:
1920թ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918-1920թթ.) դադարեց գոյություն ունենալ, իսկ նրա տարածքների զգալի մասը տրվեց Թուրքիային (Կարսի, Սուրմալուի շրջաններ) և Ադրբեջանին (Նախիջևանը հանձնվեց Ադր.ԽՍՀ-ին, որպես պրոտեկտորատ` առանց երրորդ երկրի փոխանցելու իրավունքի): Այդ պայմանները վերջնականապես ձևակերպվեցին 1921թ. Կարսի բազմակողմանի պայմանագրում:
1921թ. հուլիսի 5-ի Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ Ղարաբաղը, ավելի քան 95% հայկական բնակչությամբ և այն ժամանակ ամրագրված միջազգային փաստաթղթերում որպես «վիճելի տարածք» (Անտանտի Դաշնակից տերությունների, Ազգերի լիգայի փաստաթղթեր), ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին` պայմանով այնտեղ ստեղծել հայկական ինքնավարություն, ինչը հետագայում իրականացվեց երկրամասի միայն լեռնային հատվածում: Որպես վարչական միավոր, 1923թ. կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը` ԼՂԻՄ:
1921-88թթ. Ադրբեջանը պետական մակարդակով ղարաբաղահայության նկատմամբ սկսեց իրականացնել հայահալած քաղաքականություն, որի նպատակը` հայ բնակչության թիվը նվազեցնելն էր (1979թ. հայ բնակչությունը Ղարաբաղում կազմում էր արդեն 74.4%):
1988թ.փետրվարի 20-ին ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը` Մարզային Խորհուրդը համապատասխան միջնորդությամբ դիմեց ԽՍՀՄ, ԱդրԽՍՀ և ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդներին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմ մտցնելու վերաբերյալ: Ի պատասխան լիովին իրավաչափ այդ գործողությանը, Ադրբեջանի իշխանությունները երկրի խոշոր քաղաքներում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու) հայերի նկատմամբ ձեռնարկեցին կազմակերպված էթնիկ ջարդեր, զանգվածային դաժան սպանություններ և տեղահանություն: Ադրբեջանից բռնագաղթվեց շուրջ կես միլիոն հայ փախստական, որոնք մինչ այժմ չեն ստացել համարժեք նյութական, տարածքային և բարոյական փոխհատուցում:
Մարզային խորհրդի միջնորդությունը ընդունվեց ՀԽՍՀ ԳԽ կողմից, իսկ ԽՍՀՄ և ԱրդԽՍՀ Գերագույն խորհուրդները մերժեցին այն:
1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին:
1990թ. ապրիլի 3-ին ընդունվեց ԽՍՀՄ օրենքը «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման» մասին, համաձայն որի «… հանրապետության որոշումը Միության կազմից դուրս գալու մասին պետք է կայացվի միութենական հանրապետության ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ` հանրաքվեի միջոցով» (հոդվ.2): «Միութենական հանրապետությունում, որն իր կազմում ունի ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար շրջաններ, հանրաքվեն պետք է անցկացվի յուրաքանչյուր ինքնավարությունում առանձին: Ինքնավար հանրապետությունների կամ ինքնավար միավորների ժողովուրդներին իրավունք է վերապահված ինքնուրույն որոշել` ԽՍՀՄ կազմում, կամ դուրս եկող հանրապետության կազմում մնալու, ինչպես նաև իր պետաիրավական կարգավիճակի հարցերը» (հոդվ.3):
1991թ. օգոստոսի 30-ին ԱդրԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց հռչակագիր «Ադրբեջանական Հանրապետության պետականության վերականգնման մասին», որով Ադրբեջանը հռչակվեց 1918-20թթ. գոյություն ունեցող Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել:
1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի ժողպատգամավորների համատեղ համագումարը «…փաստելով ԱդրԽՍՀ Գերագույն խորհրդի` 1918-20թթ. պետականության վերականգնման որոշումը և հիմք ընդունելով ԽՍՀՄ սահմանադրությունն ու օրենսդրությունը` ինքնավար միավորումների ժողովուրդների իրավունքը ինքնուրույն որոշելու իրենց պետաիրավական կարգավիճակը, ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիր»:
1991թ. դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ կազմալուծումից առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և Շահումյանի շրջանում անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվե, որի արդյունքում մասնակիցների ավելի քան 99%-ը «ԱՅՈ» ասացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը: Հանրաքվեին հետևում էին անկախ դիտորդներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Բուլղարիայից, որոնք արտահայտել են իրենց դրական վերաբերմունքը և դիրքորոշումը հանրաքվեի` օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ընթացքի վերաբերյալ:
Չհաշտվելով իրավական իրողության հետ, Ադրբեջանը 1991-94թթ. ապօրինի կերպով զավթելով հանրապետության տարածքում տեղակայված նախկին սովետական ռազմաօդային տեխնիկան, Լեռնային Ղարաբաղի անզեն բնակչության դեմ սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ` ավիացիայի, հրետանու և ծանր տեխնիկայի կիրառմամբ: Պարտադրված պատերազմի ծանր պայմաններում ձևավորված Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերը հաղթական մարտերի արդյունքում ոչ միայն հետ մղեցին ադրբեջանական կանոնավոր բանակի հարձակումը, պահպանելով ԼՂՀ հիմնական տարածքները, այլև նրա շուրջը ստեղծեցին «անվտանգության գոտի»:
1994թ. մայիսին Բիշկեկի արձանագրության հիման վրա Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը: Զինադադարը մինչ այսօր հիմնականում պահպանվում է:
Նույն թվականի նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ Բուդապեշտի խորհրդաժողովում որոշվեց ԵԱՀԿ Մինսկի խմբին` համանախագահությամբ` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի տրամադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական մանդատ, որի շրջանակներում մինչ օրս ընթանում են բանակցությունները:
Նշված փաստերն ապացուցում են արցախահայության ազգային-ազատագրական պայքարի արդարացիությունը և արձանագրում են այդ գործընթացի իրավական անխոցելիությունը:
Այսպիսով, մենք` Սփյուռքի հայկական համայնքների ներկայացուցիչներս, արցախյան համազգային հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հայտարարում ենք մեր միասնական դիրքորոշումը: Այն է`
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր լիակատար անկախությունն Ադրբեջանից ձեռք է բերել կիրառելով բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը, խստորեն հետևելով ԽՍՀՄ ներպետական օրենսդրությանը և միջազգային-իրավական նորմերին: Հետևապես, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման միակ և օրինական հիմքը միջազգային իրավունքի նորմերի և դրույթների գերակայության վրա հիմնված գործընթացն է, ինչը նշանակում է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվիբացառապես իրավական ճանապարհով:
- Արձանագրելով քսանութ տարում ԼՂՀ-ում տեղի ունեցած անշրջելի փոփոխությունները, մենք անընդունելի ենք համարում բանակցային այնպիսի գործընթացը, որի արդյունքում հայկական կողմին կարող են պարտադրվել անհիմն զիջումներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպեսպետական կազմավորում`իր տարածքով, բնակչությամբ, պետական ու ժողովրդավարական ինստիտուտներով, տնտեսական ու իրավական համակարգերով կայացած իրողություն է: Հետևապես, անվիճելի է, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ: Այլապես հիմնահարցի կարգավորումը հնարավոր չէ:
- Մենք կգործադրենք բոլոր ջանքերը խթանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելու գործընթացը, պաշտպանելու ազգային-ազատագրական պայքարի բոլոր ձեռքբերումները, և վճռական ենք միասնաբար համարժեք պատասխան տալու մեր ժողովրդի անվտանգությանն ուղղված ցանկացած ոտնձգությանը:
Մենք միասին ենք, ուրեմն զորեղ ենք:
Ընդունված է ____________________________ Հայ համայնքի ներկայացուցչական համաժողովում:
Հ.Գ. Խնդրում եմ միանալ հայտարարությանը և ժողովրդական դիվանագիտության շրջանակներում տարածել այն, իսկ սփյուռքահայ մեր հայրենակիցներին` նպաստել այս փաստաթուղթը տեղի իշխանություններին ներկայացնելու համար:
«Այդ պայմանները վերջնականապես ձևակերպվեցին 1921թ. Կարսի բազմակողմանի պայմանագրում: »
………………………………………………………………………………….
« վերջնականապես» !!!!!!!