Ազատության հրապարակում ապրիլի 16-ին «Մենք» նախաձեռնությունը հայտարարեց աշխարհազորի (կամավորական հիմունքներով խաղաղ բնակչությունից կազմավորված ռազմական ստորաբաժանում) ձևավորման գործընթացի մասին: Կառույցն այդ կերպ իր զորակցությունն է հայտնում Արկադի Տեր-Թադևոսյանի կոչին:
«Աշխարհազորի ձեւավորման գործընթացն արդեն իսկ սկսված է: Նպատակ ունենք որքան հնարավոր է` զորագրման լայն գործընթաց ապահովել, որպեսզի քաղաքացիներն իրենց կարողությունների չափով աջակցեն մեր զինված ուժերին: Համարում ենք, որ սա մեր հասարակության առջեւ դրված թիվ 1 խնդիրն է: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի աշխարհազորի գաղափարի շուրջ համախմբում լինի: Սա պահանջում է դերերի բաժանում, ուսուցում, հմտություններ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մենք» նախաձեռնության անդամներից Մարիա Հովումյանը:
«Արորդիների ուխտ» շարժման քուրմ Արգիշտի Շամիրյանն այս նախաձեռնությունն ուշացած է համարում: Կարծում է, որ այն պետք է արվեր ապրիլի հենց առաջին օրերին. «Այնուամենայնիվ, պետք է դառնանք ռազմական պետություն, քանի որ մենք քիչ ենք եւ փոքր: Շեշտը պետք է դնենք հետագա զարգացման վրա: Երիտասարդները պետք է դաստիարակվեն «Ես եմ տերը մեր երկրի» ոգով, որպեսզի մեծ արդյունքների հասնենք: Հասարակական համախմբվածությունը պարտադիր է»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
Աշխարհազորի ստեղծման մանրամասների մասին «Մենք»-ը կհայտարարի առաջիկայում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ