Լրահոս
Օրվա լրահոսը

 Հայացք Արցախից. «Արցախին ոչ թե խաղաղապահներ, այլ արդիական սպառազինություն է պետք»

Ապրիլ 16,2016 21:37

Արցախյան շարժման եւ պատերազմի ակտիվ մասնակից, «Կռունկ» կոմիտեի և Արցախի ազգային խորհրդի նախագահության անդամ, ինքնապաշտպանական ջոկատների շտաբի պետ և ՀՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր Ռազմիկ Պետրոսյանը մեկն է նրանցից, ովքեր տարիներ շարունակ բարձրաձայնել են բանակն արդիական սպառազինությամբ հագեցնելու անհրաժեշտության մասին: Ապրիլյան հայտնի իրադարձությունների և օրախնդիր այլ հարցերի շուրջ է մեր ճեպազրույցը նրա հետ:

-Կարծում եմ, որ մենք պետք է այն աստիճանի պատրաստականության մեջ լինենք (և՛ մարտական պատրաստվածության, և՛ սպառազինության առումով), որ ոչինչ անսպասելի չլինի, առավել ևս, որ մինչ այդ բազմաթիվ դիվերսիոն ներթափանցման և այլ միջադեպերի պակաս չկար: Իսկ իրականում պարզվեց, որ մեր մարտիկների անձնական քաջության ու ոգու շնորհիվ ենք կարողացել ետ շպրտել թշնամուն: Ու պետք էր սպառազինության մասին վաղօրոք մտածել, միայն ռուսներրի վրա չդնել հույսը (առավել ևս, որ նրանք միշտ չի, որ ազնիվ են պահում իրենց գործընկերային փոխհարաբերություններում): Թե չէ՝ էս ունենք, էն ունենք: Լավ, էլ ի՞նչ մի ավելի կարևոր առիթ պիտի լիներ, որ տեսնեինք սպառազինության այդ գոհացուցիչ մակարդակը,-ասում է նա:

-Իսկ ի՞նչ է անհրաժեշտ:

-Անհրաժեշտ է բոլորիս միավորող՝ հայրենիքի պատմական հեռանկարի գաղափարի շուրջ համախմբում, անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամ, որը կհամակարգեն երեք, ասենք, ամենավստահելի, ամենահարգելի բոլորիս կողմից ընդունելի հայեր: Ընդ որում, պետությունը թող էստեղ չմիջամտի: Սա համազգային նախագիծ կլինի, եւ բոլոր միջոցները կուղղվեն սպառազինությունների ձեռք բերմանը: Եվ ասեմ նաև, որ պատշաճ սպառազինության պարագայում մենք, հաստատ, կարող էինք նաև այդքան զոհ չունենալ: Ի վերջո, մեր նպատակը, ինչպես մի եվրոպացի գեներալ է  ասել, ոչ թե հանուն հայրենիքի զոհվելն է, այլ ստիպելը թշնամուն, որ նա՛ հանուն իր հայրենիքի զոհվի:

Նաեւ՝ բազմիցս ասել եմ մեր ղեկավարներին՝ ո՞ւմ է պետք այսքան կապիտալ շինարարությունը, զենք գնե՛ք: Մեծահարուստներն էլ պետք է գիտակցեն, որ պետք չէ սահմանափակվել սիմվոլիկ նվիրատվություններով, այլ ելք չկա, ավելի կարեւոր էլ ի՞նչ նպատակ պիտի լինի: Թե չէ՝ ի՞նչ է ստացվում, ունենք հայ դրամատերերի հզոր բանակ, բայց՝ նման պատկեր: Ես, գոնե, թուրքին լավ եմ ճանաչում, եթե դու իրենից լավ ես զինված, իրենից հզոր ես, նա երբեք չի հարձակվի քեզ վրա:

-Խոսվում է նաև խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին:

-Ոչ մի լավ բան չեմ սպասում այդպիսի հեռանկարից: Մեզ ոչ թե խաղաղապահներ, այլ արդիական սպառազինություն է անհրաժեշտ: Այ, երբ մեր հարցում վերջնական հստակություն կմտցվի, պարզ կլինի Արցախի՝ մեզ բավարարող վերջնական կարգավիճակը (ասենք, կճանաչվի Արցախի անկախությունը), այդ դեպքում արդեն կարելի կլիներ մտածել խաղաղապահների տեղակայման մասին:

Զրույցը՝ Կարեն ՄԻՐԶՈՅԱՆԻ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930