Հյուսիսային պողոտայում այսօր կազմակերպված ակցիայի շրջանակում մի քանի ժամ շարունակ կամավորները հավաքագրեցին Արցախում հերոսաբար զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիների բերած իրերը` կենցաղային տեխնիկա, սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Ցանկացողները նաեւ գումար նվիրաբերեցին իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած զինծառայողի ընտանիքին, որը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում:
«Վաղը մենք այս ամենը կտանենք Սլոյանների տուն, նաեւ կտեսնենք, թե ինչպես է ընթանում նրանց տան վերանորոգումը: Նրանք, ովքեր հնարավորություն ունեն, պարզապես պարտավոր են օգնել զոհված զինծառայողների ընտանիքներին: Առաջիկայում էլ մենք նախատեսում ենք գումար հավաքագրել նաեւ մեր մյուս հերոսների ընտանիքների համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Զախարյանը:
Նա տեղեկացրեց, որ «Օգնենք հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքին» նախաձեռնության հաշվեհամարին արդեն փոխանցվել է գրեթե 1 միլիոն դրամ, որն առաջիկայում կփոխանցվի Քյարամի հորը: Նրա անունով արդեն իսկ բացված հաշվեհամարներ կան, որոնք կարելի է տեսնել այստեղ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ