Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Չի նշանակում, որ այս սպառազինությունից բացի մենք չունենք այլ առաջատար միջոցներ

Ապրիլ 16,2016 17:34

Մինչ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Նախարարն ասաց, որ ձեռքբերված պայմանավորվածությունները պահպանվում են: Անդրադառնալով  Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ հայ զինվորները հիմնականում կռվում են 80-ականների զենքերով, Սեյրան Օհանյանն ասաց, որ հիմնական սպառազինությունը ձեռք է բերվել երկրորդ աշխարհամարտից հետո, եւ այդ տեսականին կամաց-կամաց զարգանում է:

«ՀՀ նախագահի ասածը կայանում էր նրանում, որ նույնիսկ առկա 80-ական թվականների սպառազինությամբ այսօր հայկական ստորաբաժանումները պայքարել են, պայքարում են եւ կարողանում են իրենց առջեւ դրված խնդիրները հերոսաբար լուծել: Դա չի նշանակում, որ այս սպառազինությունից բացի մենք չունենք այլ առաջատար միջոցներ, որ հեռահար են, ճշգրիտ են ու ռազմավարական զսպման մեխանիզմի մեջ են: Բացի դրանից, երբ համեմատում ենք տարածաշրջանային սպառազինության հարաբերականությունը, չեմ կարծում, թե բացի մի քանի միջոցների քանակական առավելությունից, մեր սպառազինության մեջ այսպես էական տարբերություն կա: Զինծառայողների հոգատար վերաբերմունքի շնորհիվ մեր ձեռքի տակ եղած սպառազինության ամբողջ պաշարը պատշաճ մակարդակի է, եւ այդ օրերին մարտական գործողությունների ժամանակ ապահովվել է ե՛ւ պաշպանությունը, ե՛ւ հակառակորդի ճշգրիտ կրակային խոցումը»:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ առաջնագծում անապահով երեխաների երեխաներն են, արդյոք դա կոռուպցիայի դրսեւորո՞ւմ չէ, նախարարը պատասխանեց, որ դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. «Կան օբյեկտիվ հանգամանքները, որ մենք պետք է պարզաբանենք, հասարակությունը իմանա հետեւյալը՝ ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, գիտական թեզեր ունենալ, ստանալ տարկետում, ասպիրանտուրա ընդունվել: Այդ իրականության մեջ կարծում եմ, հիմնականում միջին եւ բարձր խավերի ընտանիքներից են, որ ընդունվում են բուհեր, նրանց մեծ մասը հետագայում լրացնում են սերժանտական կազմը այս կամ այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում: Սա մեկ օբյեկտիվ հանգամանք է: Կարող են լինել թերություններ, բայց առավելագույնը ձգտում ենք տարեց տարի վիճակահանությունն էլ ավելի բարձր հիմքերի վրա դնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930