Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Եթե ժողովրդից գողացել են, պետք է վերադարձնեն»

Ապրիլ 16,2016 16:54

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց խորհրդաժողով`«Անվտանգության ճգնաժամի հաղթահարման արտակարգ քայլերը» թեմայով, որի ընթացքում ներկայացվեցին ապրիլյան «դիրքային պատերազմ»-ի հետևանքով ՀՀ-ում առաջացած անվտանգության ճգնաժամի բնութագիրը, պատճառները և  դրանք հաղթահարելու քայլերը:

«Ճգնաժամը բացահայտվեց ապրիլյան «դիրքային պատերազմ»-ի հետևանքով: Անշուշտ, այդ խնդիրները կային, բայց շատերի համար տեսանելի չէին: Հայ ժողովուրդը հայտնվել է գոյութենական սպառնալիքին դեմ հանդիման: Փաստորեն, հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները, եւ առհասարակ` միջազգային հանրությունը գնահատական չտվեցին Ադրբեջանի ագրեսիային, իսկ Ադրբեջանը զինված է արդիական մահացու սպառազինությամբ: Տարածաշրջանում առհասարակ ձեւափոխություններ են տեղի ունենում, նոր դերակատարներ են ի հայտ գալիս, օրինակ` Իսրայելը, որը ռազմարդյունաբերական բաղադրիչով մեծ մասնակցություն է ունեցել, Թուրքիան եւս ներգրավված է, եւ մենք կարող ենք փաստել, որ մենք Մերձավոր Արեւելքի բաղադրիչ ենք: Պետք է հասկանանք, որ մենք ենք լինելու մեր գլխի տերը եւ ուրիշի վրա չենք կարող հույս դնել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նրա ձեւակերպմամբ` բավական է սփոփվել այն կեղծ համոզմունքով, թե ստեղծված իրավիճակում Հայաստանին որեւէ գերտերություն կպաշտպանի. «Անհրաժեշտ է համայն հայության ներուժի համախմբում, իսկ դրա համար առաջին հերթին պետք է ունենալ վստահություն վայելող կառավարություն: Այսօրվա կառավարությունը բացարձակապես վստահություն չունի, հակառակը` հասարակության ատելության օբյեկտն է: Շատ շտապ մեզ հարկավոր է ժողովրդի վստահությունը վայելող հասարակական-քաղաքական միավորումների համախմբում, ժողովրդի կողմից վստահելի կառավարության ձեւավորում` լեգիտիմ իշխանություն ապահովելու համար, ինչն իր հերթին կապահովի երկրի կայունությունը եւ կերաշխավորի արտահերթ ընտրությունների օրինականությունը»:

«Նոր Հայաստան»-ի ծրագիրը ենթադրում է նաեւ պաշտպանական ոլորտի հզորացում. «Դա ենթադրում է արդյունավետ կադրային քաղաքականություն եւ եղած կադրերի փոփոխություններ, բանակի համար նյութական միջոցների կուտակում եւ բանակի թվաքանակի ավելացում, օրինակ, ոստիկանական ներուժի հաշվին եւ ոչ միայն»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է օլիգարխներին «կուլակաթափ» անելու եւ նրանց միջոցների հաշվին բանակը զինելու կոչերի մասին: «Դա պետք է դիտարկել օրենքի սահմաններում` ինչպես կարող են այդ ապօրինի ձեռք բերված միջոցները ներգրավվել երկրի պաշտպանության ամրապնդման հարցում: Այդ միջոցների օրինականացման խնդիր է առաջանալու: Որեւէ մեկը նպատակ չի հետապնդելու հալածելու եւ ունեզրկելու… դրա մասին խոսք չկա: Պարզապես բոլորը պետք է հասկանան, որ ինչ-որ պահից պետք է կանգ առնել: Թող կոշտ չհնչի, բայց եթե ժողովրդից գողացել են, պետք է վերադարձնեն ժողովրդին»,-նշեց պարոն Ավետիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հետաքրքիր է… օլիկարգների նկատմամբ զգուշութեա՜մբ, նոյնիսկ վախով է արտայայտվում, մինչ բնաւ այդպէս չի խօսում կառավարութեան մասին…

    երեւի անհատական փողը աւելի վախնալիք է,
    քան թէ պետական տարրական հեղինակութիւնը

    կեցցէ՛ քաջ յեղափոխականը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930