Ապրիլի 15-ին « Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվեց Ջիմ Թորոսյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդես: Ջիմ Թորոսյանին շատերը ճանաչում են որպես արհեստավարժ և վաստակավոր ճարտարապետ: Սակայն քչերին է ծանոթ ժողովրդական ճարտարապետի գեղանկարչությունն ու գրաֆիկական աշխատանքները: Ցուցահանդեսին ներկայացված էին վարպետի մինչև այժմ չցուցադրված աշխատանքները:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը ուրախությամբ փաստեց, որ այս տարի պատկերասրահում բացվող 4-րդ ցուցահանդեսն է . «Ես ուրախ ու երջանիկ եմ՝ ասելու, որ այս տարի իմ հայրիկի ընկերների ցուցահանդեսները բացվեցին հենց մեր ցուցասրահում: Առաջինը Էդմոն Այվազյանի ցուցահանդեսն էր, և ահա այս մեկը Ջիմ Թորոսյանինը: Նրա գործերը ինձ համար էլ էին հայտնություն : Պարոն Թորոսյանին շատերը կհիշեն, երբ Բաղրամյան փողոցով իջնում էր արիստոկրատ և ազնվական կեցվածքով: Իր նկարչությունը նույնքան գեղեցիկ և արիստոկրատ է»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ավելացրեց, որ այս ցուցահանդեսը մեծ հնարավորություն է ճարտարապետ և նկարիչ ուսանողների համար, տեսնելու, սովորելու այն ամենը՝ ինչ ներկայացված է. « Ինչպես տեսնում եք, ներկայացված են Իտալիայի քաղաքների լավագույն կոթողների հուշարձանները, որոնք այնպես են արված, որ Իտալիային բնորոշ մթնոլորտն են փոխանցում: Ջիմ Պետրովիչն իր նկատմամբ այնքան խիստ էր, որ երբեմն նկարները ցույց էր տալիս և ասում՝ բոլորը պետք չէ նայել: Նա բծախնդրորեն ընտրում էր նկարները, որ հանկարծ մի այնպիսի աշխատանք չներկայացնի, որ ոչ այնքան պատիվ կբերի իրեն: Կարծում եմ՝ հրաշալի գաղափար է Ջիմ Թորոսյանի նկարերը ընկերոջ պատկերասրահում ներկայացնելը, որը ցույց է տալիս իրենց ընկերության հավերժությունը»:
Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում ԻԿՕՄՕՍ կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը հպարտությամբ ասաց, որ եղել է Պարոն Թորոսյանի ուսանողը. «Յուրաքանչյուր լավ դասախոս, հրաշալի օրինակ է ուսանողի համար: Նա ինձ համար օրինակ է եղել բոլոր առումներով: Ամեն մի ճարտարապետ պետք է լինի նաև նկարիչ: Եթե նկարել չիմանաս, չես կարող ճարտարապետությամբ զբաղվել: Շատ յուրովի մոտեցում ուներ: Միանգամից երևում է, որ ճարտարապետի աշխատանքներ են՝համաչափությունը, տեկտոնիկան , արտահայտչամիջոցների հատուկ շեշտումը»:
Կարդացեք նաև
Ինչպես նշեց Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը՝ Ջիմ Թորոսյանին բոլորը կապում են Ճարտարապետական համալսարանի հետ, բայց ակադեմիան շատ սիրել է նրան, և նա էլ գեղարվեստի նվիրյալներից մեկն էր . «Չնայած իմ և Ջիմ Պետրովիչի տարիքային տարբերությունը շատ մեծ էր, բայց մենք շատ լավ ընկերներ էինք: Չի եղել մի շաբաթ, որ Ջիմ Պետրովիչը չայցելեր ակադեմիա, և նրա ամեն մի այցելությունը ինձ համար տոն էր. բոլոր գործերը մի կողմ էի դնում: Մենք բոլորս ափսոսում ենք, որ նա մեզ հետ չէ հիմա: Ասում են՝ չկան անփոխարինելի մարդիկ. Ջիմ Թորոսյանը անփոխարինելի էր»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Մի հայացք էլ գցեք Ջիմ Թորոսյանի նախագծած շենքին Ագաթանգեղոսի թողոցում, կինո Ռոսիայի դիմաց: