Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պատերազմի դասերը

Ապրիլ 16,2016 17:30

Մենք գիտեինք, որ Ռուսաստանը լրջագույն զենքեր է վաճառել Ադրբեջանին, այսպես ասած՝ «բիզնես-ծրագրի» շրջանակներում: Համոզված ենք, որ Ադրբեջանը նաեւ Թուրքիայից ռազմական լրջագույն օգնություն ստացած կլինի, ընդ որում՝ ոչ թե բիզնես-շրջանակներում, այլ միանգամայն անվճար: Իմացանք նաեւ, որ ս.թ. մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել հակատանկային լազերային հրթիռներ: «Ադրբեջանն առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այս հրթիռները, եւ դա, իհարկե, առավելություն է տվել իր ռազմական հնարավորություններին»: Սրանք արդեն ոչ թե մեր ենթադրությունն են, այլ «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Իսրայելի Բար-Իլան համալսարանի Բեգին-Սադաթ կենտրոնի ռազմավարական հետազոտությունների աշխատակից Ալեքսանդր Մուրինսոնի վկայությունը:

Փաստորեն, տնտեսապես անհամեմատ հարուստ Ադրբեջանին աջից ու ձախից ռազմական տեխնիկա են մատակարարում, մինչդեռ հայ զինվորը մարտնչում է «80-ականների» զենքով: Այդ իմաստով մեր բանակն իսկապես տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է: Պատերազմի այդ մի քանի օրերի կատաղի մարտերը ցույց տվեցին, որ հայ զինվորն իր նվիրվածությամբ ու անձնազոհությամբ կարողացավ չեզոքացնել եւ, փաստորեն, ի չիք դարձնել, ադրբեջանական բանակի զինտեխնիկայի այդ առավելությունները: Եթե այդ առավելությունները ռազմի դաշտում նրանց լուրջ առավելություն ապահովեին, նրանք անգամ ժամանակավոր զինադադարի մասին չէին մտածի:

Փաստորեն, մեր կողմից զինվորն է կռվում, իրենց կողմից՝ զենքը: Անկասկած, պատերազմի այդ առաջին օրերին ադրբեջանցիների ունեցած ողջ զենքն ու զինամթերքը չկիրառվեց: Հաստատ ուրիշ եւ առավել ահարկու զինատեսակներ էլ ունեն: Բայց մեր կողմից էլ ողջ զինվորական պոտենցիալը չօգտագործվեց: Հազարավոր կամավորներ կազմ ու պատրաստ սպասում են իրենց հերթին: Այս հանգամանքը ոչ միայն մեր ժողովրդին է հույս ու ուժ տալիս, այլեւ մեր բանակին ու մեր բանակի ղեկավարությանը:
Մի խոսքով՝ մենք մենակ եւ ուժեղ ենք: Մենք մենակ ենք նաեւ քաղաքական իմաստով:

Եթե ԵԱՏՄ լիդեր Ռուսաստանն այս օրերին հավասարության նշան է դնում ԵԱՏՄ անդամ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, եթե ԵԱՏՄ անդամ Ղազախստանն ակնհայտորեն հանդես է գալիս որպես Ադրբեջանի համակիր, եթե Բելառուսի ներկայացուցիչներն անառիթ ու հիմնականում անտեղի ելույթներ են ունենում Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, դա նշանակում է, որ արտաքին քաղաքական դաշտում ավելի քան մենակ ենք: Համոզված ենք, որ առիթի դեպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին կարտահայտվեն նաեւ վրացի եւ ուկրաինացի քաղաքագետներն ու գործիչները: Ինչպես ասում են՝ «չկան հավերժական բարեկամներ ու թշնամիներ, կան շահեր»: Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները դա են վկայում: Չենք զարմանա, եթե վաղը-մյուս օր Ռուսաստանն ու Թուրքիան էլ վերանայեն իրենց հարաբերությունները՝ իրենց շահերի համապատասխան:

Ինչ վերաբերում է մեզ, կյանքը ցույց է տալիս, որ մենք մեր հավերժական թշնամիներից հրաժարվելու տարբերակ չունենք, մանավանդ որ՝ դա ոչ միայն մեր հավերժական թշնամիները չեն կամենում, այլեւ մեր հավերժական «բարեկամները»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը ուկրաինացիների եւ ուրիշների դրական վերաբերմունքին. վերջերս մեր ընդդիմադիր գործիչներից մեկը կարծիք էր հայտնել, որ եթե մենք Ղրիմի հարցում ուկրաինացիների շահերը պաշտպանեինք, ուկրաինացիներն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէին պաշտպանի: Միամիտ ու սիրողական կարծիք: Ուկրաինացիք ու վրացիք Ղրիմի, Աբխազիայի ու Օսեթիայի հարցեր ունեն, եւ անհնար է, որ նրանք դեմ արտահայտվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, բոլորը նախապատվությունը տալիս էին ազգերի ինքնորոշմանը, եւ հենց այդ սկզբունքով էլ խորհրդային հանրապետություններն անկախացան: Հիմա աշխարհն ու հատկապես աշխարհի հզորները գերապատվությունը տալիս են տարածքային ամբողջականությանը: Կոսովոն, փաստորեն, բացառություն էր: Աշխարհի հզորներից շատերն են դեմ, որ հաջորդ բացառությունը Արցախը լինի: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք: Մենք ռազմի դաշտում միայնակ մաքառելով ու գերծանր իրավիճակներից պատվով դուրս գալով՝ պետք է համախոհներ փնտրենք ու գտնենք նաեւ քաղաքական դաշտում, եւ երկակի ստանդարտներով առաջնորդվող աշխարհին պիտի պարտադրելով հասկացնենք, որ արցախցին իր պատմական ու հայրենի տարածքի վրա իր պետությունը կառուցելու իրավունք ունի՝ ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները: Եվ արդեն շուրջ քառորդ դար է՝ իր պետությունը կառուցում է. փոքրիկ, գեղեցիկ ու հրաշալի իր պետությունը: Ընդ որում՝ զենքը ձեռքին է կառուցում, որովհետեւ խանգարողները շատ-շատ են, իսկ օգնողները՝ շատ քիչ:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» 

16.004.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930