Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է կտրի իր պորտալարը այն փտախտից, որը զարգացում չի երաշխավորում»

Ապրիլ 16,2016 17:00

Խաչատուր Քոքոբելյանը՝ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթացն սկսելու նախագծի մասին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն «Առավոտի» հետ զրույցում հավատացնում է՝ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթացն սկսելու մասին իրենց՝ ԱԺ ներկայացրած նախագիծը պարզապես քաղաքական ենթատեքստեր ունեցող քայլ չէ: Նրա խոսքով՝ դա չեն արել, որ Ռուսաստանը պարզապես իրենց դժգոհությունն ընկալի, կամ եվրոպական պետությունները հնարավորություն համարեն, այլ հստակ քայլ է՝ ազատելու Հայաստանը «բլոկադայի» մեջ պահող կազմակերպությունից:

Պարոն Քոքոբելյանը վստահ է՝ Եվրասիական տնտեսական միությունում մենք անելիք չունենք: «Այն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության առումով մեզ սահմանափակող կառույց է, այդ թվում նաեւ՝ վերին աստիճանի, օրեցօր մեկուսացման գնացող, տնտեսական չափանիշներով գահավիժող եւ Հայաստանի Հանրապետության արտաքին, օտարերկրյա ներդրումների նվազեցմանը նպաստող կառույց»,- ասում է պարոն Քոքոբելյանը:

Նա նշում է, որ այդ նախագիծը իր համար՝ որպես քաղաքական գործչի, այդ թվում՝ իր կուսակցության համար, ռազմավարական նշանակություն ունի. «Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը թե տնտեսական, թե առհասարակ զարգացան ապահովման համար պետք է կարողանա այդ բլոկադայից դուրս գալ: Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ այս վիճակում չենք կարող զարգանալ, որովհետեւ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է եւ միշտ կարողացել է ապացուցել, որ ամենածանր օրերին միշտ ելքեր գտնում է, բայց չի կարելի ապավինել միայն մեր ժողովրդի կենսունակությանը, մեր զինվորների մարտունակությանը եւ բացառել բոլոր այն հնարավորությունները, որ կարող են մեզ տալ աշխարհում՝ ե՛ւ շուկաների առումով, ե՛ւ ներդրումների: Հայաստանը պետք է կտրի իր պորտալարը այն փտախտից, որը զարգացում չի երաշխավորում, չի ապահովում»:

Պարոն Քոքոբելյանը կարծում է, որ վերջին օրերին տեղի ունեցած գործընթացները, հայ-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմի ժամանակ ռուսական կազմակերպությունների անդամ պետությունների՝ Ադրբեջանին սատարելը ապացուցեցին, որ այդ միություններում ընդգրկվելով՝ Հայաստանը ոչ շահեկան դիրքում է հայտնվում. «Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ բառացիրոն վարչապետների խորհրդի նիստը Երեւանում տեղի չունեցավ, ավելին՝ նույնիսկ դա որոշ գործընկերների կողմից ցինիկաբար մեկնաբանվեց, որ կլինի մի քայլ, որ կնեղացնի Ադրբեջանին: Բառացիորեն անտեսվեց Հայաստանի պետական շահը՝ պաշտպանելով մեր հակառակորդ Ադրբեջանի շահը: Եվ նրանք դա չէին թաքցնում եւ ոչ թե հիմնական փաստարկ են բերում, այլ ցցուն մի ակնհայտ դեպք, փաստ, որը ցանկացած մարդու համար հասկանալի եւ ընկալելի է, եւ համոզիչ փաստարկ, որ Եվրասիական տնտեսական միությունը չկայացած միություն է եւ ոչ թե տնտեսական միություն է, այլ ռազմաքաղաքական միություն՝ ձեւախեղված, իսկ ես գտնում եմ, որ այդպիսի կազմակերպություններում Հայաստանը անելիք չունի,- ասում է պարոն Քոքոբելյանը՝ ավելացնելով,- Եվրասիական տնտեսական միությունը մենք համարում ենք ոչ թե հնարավորություն, այլ մարտահրավեր»:

Մեր զրուցակիցը չի ցանկանում բացառել, որ ԱԺ ներկայացված իրենց նախագիծը կարող է անցնել. «Մի բացառեք, որ կարող է անցնել. այն խումբը, որը ջանասիրաբար պաշտպանեց Եվրասիական տնտեսական միությունը եւ քվեարկեց Եվրասիական տնտեսական միության անդամակցության օգտին, նույն ջանասիրությամբ, նույն արհեստավարժությամբ մինչեւ սեպտեմբերի 3-ը պաշտպանում էր Ասոցացման պայմանագրի անհրաժեշտության փաստը: Այսինքն՝ դուք հաշվի առեք, որ քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ որոշ ուժեր իրենց քաղաքական մոտեցումները վերանայում են»,- ասում է պարոն Քոքոբելյանը:

Նա արձանագրում է, որ չորսօրյա պատերազմից հետո Հայաստանում իրավիճակը փոխվել է: «Ուղղակի այս պահը չի արձանագրվել շատ-շատ քաղաքական, պաշտոնական մակարդակներում, բայց մեր քաղաքացիների մոտ իրականում փաստացիորեն քաղաքական եւ ռազմական իրավիճակի փոփոխություն կա:

Ռազմավարական գործընկերների մասին խոսելիս պետք է խոսել ռեալ ռազմավարական գործընկերոջ մասին: Պետք է նշել, որ Ռուսաստանը իրեն դրսեւորեց ոչ թե որպես ռազմավարական գործընկեր, ոչ թե որպես Հայաստանի հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող երկիր, այլ պարզապես բառիս բուն իմաստով սպասարկեց մեր հակառակորդի շահը»:

ԱԺ պատգամավորը ավելորդ չի համարում եւս մեկ անգամ հիշեցնել, որ խոսվում էր, թե ԵԱՏՄ-ին միանալով՝ մեր անվտանգության բաղադրիչը կավելանա. «Բայց մենք ճիշտ հակառակի ականատեսը դարձանք, եւ այդ տնտեսական միությունը՝ ՀԱՊԿ-ի հետ միասին, սահմանափակում է մեր այլընտրանքային անվտանգության եւ տնտեսական հնարավորությունները»:

Պարոն Քոքոբելյանը նաեւ ցավով արձանագրում է, որ այս ընթացքում մեր շատ պետական, քաղաքական գործիչներ ստանձնեցին «Ռուսաստանի փաստաբանի» դերը՝ կրկնելով, թե կա ռուսական տնտեսական շահ: «Բայց դա համընդհանուր ցավ է: Այսպիսի հիվանդություն, եթե անկեղծ լինենք, ցանկացած երկրում կա: Պետք է ապավինենք առողջ մտածողությանը, եւ հավատացած եղեք՝ այսօր իրավիճակի փոփոխությունը շատ շատերի մոտ ուղղակիորեն մտածողության փոփոխություն կբերի: Իհարկե, այնպես չէ, որ ես միամտորեն մտածում եմ, որ հախուռն կերպով կարող է այդպիսի իրավիճակ լինել, Աստված էլ չտա, որ այդպիսի իրավիճակ լինի, որ պարզապես պարտադրանքից ելնելով դա անեն: Դա ուղղակի չէի ցանկանա, որ լիներ: Ես կուզենայի, որ բոլորի մոտ ողջամտությունն ու պրագմատիզմը ի շահ Հայաստանի Հանրապետության լիներ, պետական շահը հաղթեր, եւ թող այլեւս չփորձեն դեմագոգիկ եւ կոնսպիրատիվ ձեւակերպումներով ներկայացնել ոչ շահեկան մեր վիճակը, որ գտնվում ենք Եվրասիական տնտեսական միությունում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» 

16.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Ադրբեջանն հենց դրան էլ սպասում է: Որ օրը ՀՀ դուրս եկավ միությունից,հաջորդ օրն Ադրբեջանն դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ:
    Ռուսաստանը ռազմավարական խնդիր է դրել Եվրասիական տնտեսական միության մեջ ներքաշել նաև Ադրբեջանին և Իրանի սահմանի մերձակայքում, այսինքն՝ ԼՂ-­Ադրբեջան շփման գծում խաղաղարարական առաքելության անվան տակ ռազմական կոնտինգենտ կենտրոնացնել:
    Հայաստանի Հանրապետությանը արտաքին, օտարերկրյա ներդրումների հաշվին ապրող երկիր է:Բայց Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելուց հետո այս օգնութւններն կտրվել է:Հայ ազգն լինելով աշխատող ու ստեղծագործող,արարող ու աշխատող ազգ համարվելով՝ աղքատության նման բարձր մակարդակ ունի։Հայերը երկրից գնում են և հիմնականում հաջողության են հասնում, իսկ այստեղ մնալով այդպես էլ քարը քարի վրա չեն կարողանում դնել։Իսկ այս ամենի մեղավորն ներկա կառավարությունն է եվ Ձեր նման պատգամավորներն որ միայն կոճակ սեղմել գիտեք,փոխանակ մտածեք ինչպես օգտգործել հայ մարդու ունակություններն:Բոլորն փախան ՀՀ Ձեր երեսից ու հիմա ել ուզում էք մեկ ուրիշ փորձ անել էս ազգի գլխին:
    Ղարաբաղյան հանցագործ կլանը թալանում է երկիրը, ոտնահարում է մարդկանց իրավունքները: Նրանցից անհրաժեշտ է շտապ ազատվել, իսկ ղարաբաղցիները նրանց պաշտպանում են, այնտեղի զինվորականները գալիս են Երեւանում ցույցեր ճնշելու ու կրակում են Հայի վրա:Հիմա ով է մեղավոր Հայաստանի ժողովուրդը թե Ղարաբաղյան հանցագործ կլանը:
    Պարզ է մեկ բան. Բերձորից այս կողմ եւ այն կողմ մարդիկ սկսել են տարբեր կերպ մտածել, տարբեր դիտանկյուններից են նայում քաղաքական խնդիրներին, գտնվում են քարոզչական տարբեր տիրույթներում: Որի պարզ ապացույցն է Ժիրայր Սեֆիլյանի եվ իր համախոհների ջարդը երեխաների ներկայությամբ:Ու այդ երեխան երբ հասուն տարիք ունենա նոր կհասկանա թե ինչ է կատարվել եվ ովքեր էին այդ կենդանիները:Իսկ այսօր կան մարդիկ որ լկտիավար հարցնում էն Ժիրայրին,իսկ դու ինչու չէս գնացել Արցախ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930