Արդեն քանի օր է՝ Երեւանի զինվորական հոսպիտալի բժիշկներից ոմանք տուն չեն գնում՝ հոսպիտալում են գիշերում: Ամեն րոպեն թանկ է, եւ հենց այդ րոպեում կարող են մի զինվորի կյանք էլ փրկել: Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը ադրբեջանական կողմի հրահրած պատերազմի հետեւանքով այս օրերին աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով: Բոլոր ծանր վիրավորներին անհապաղ հասցնում են հոսպիտալ, եւ ինչպես հոսպիտալի ղեկավարությունն է ասում՝ հենց բժիշկների օրուգիշեր աշխատանքի շնորհիվ է, որ 4-օրյա պատերազմից եւ հետագա օրերին հայկական սահմանների հրետակոծությունից հետո էլ հոսպիտալ հասած եւ ոչ մի զինվորի մահ չի արձանագրվել:
Հոսպիտալի բժիշկները նեղսրտել են, սակայն, օրերս մամուլում քննարկված այն տեղեկատվությունից, թե հոսպիտալը վիրավոր զինվոր Արմենակ Առուստամյանից, որը ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղում հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ եւ վիրահատվել, հետ է ուզել քայլակը, որի դիմաց, որպես հետ տալու երաշխիք, վերցրել էր զինվորի մոր անձնագիրը:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Լեւոն Ժամագործյանը, որը Արմենակին վիրահատող բժիշկներից մեկն է, ասաց, որ թեման լայն քննարկման առարկա է դարձել՝ առանց խնդրի էության մեջ խորանալու:
Բժշկի խոսքով՝ դեկտեմբերին ուղղաթիռով Լեռնային Ղարաբաղից Երեւանի հոսպիտալ տեղափոխված Արմենակ Առուստամյանը որովայնի եւ ստորին վերջույթի շրջանում ծանր վիրավորում է ունեցել, եւ հոսպիտալի բժիշկների թիմը՝ վիրաբույժներն ու վնասվածքաբանները կատարել են բավականին բարդ վիրահատություն՝ զինվորի կյանքը փրկելու համար:
«Մեզ հաջողվեց փրկել նրա կյանքը, եւ արդեն երբ Արմենակի վիճակը դեպի լավը գնաց, նա սկսեց քայլել, որոշվեց նրան դուրս գրել: Տուն գնալիս Արմենակի մայրը խնդրեց, որ ժամանակավոր իրենց տանք քայլակը: Չնայած նրան, որ դա մեր գույքն է, եւ մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում, չմերժեցինք՝ հաշվի առնելով, որ նա մեր ծանր վիրավորներից էր եւ ուներ այդ քայլակի կարիքը:
Դրա դիմաց վերցրինք անձը հաստատող փաստաթուղթ, եւ քանի որ նրանք դեռ գալու էին մեզ մոտ, պայմանավորվեցինք, որ երբ գան եւ քայլակը վերադարձնեն, իրենց փաստաթուղթը կվերցնեն»,- ասաց բժիշկ Ժամագործյանը՝ հավելելով, որ 1994 թվականից սկսած մինչ օրս հոսպիտալում պարբերաբար հիվանդներ են բուժվում, որոնք օգտվում են այդ քայլակներից:
«Քայլակի համար նման աղմուկ բարձրացնելն ուղղակի արդարացի չէ: Այդ քայլակների թիվը մեզ մոտ սահմանափակ է, եւ պատկերացրեք՝ բոլոր դուրս գրվողներին, որոնք ունեն դրա կարիքը, մենք նվիրենք եղած հենակները, քայլակները, դա պրակտիկորեն անհնար է»,- նկատեց բժիշկը: Նրա վստահեցմամբ՝ այն ընթացքում, երբ քայլակը գտնվել է Արմենակի մոտ, նրա ընտանիքից որեւէ մեկը փաստաթուղթը վերցնելու հարցով հոսպիտալին չի դիմել. «Եթե գային, մենք այդ անձնագիրը, որն, ի դեպ, ոչ թե Արմենակի մորինն է եղել, այլ հենց Արմենակինը, կփոխարինեինք անձը հաստատող մեկ այլ փաստաթղթով, եւ ոչ մի խնդիր նրանց համար չէր առաջանա՝ մինչեւ որ քայլակը կվերադարձնեին»:
Լեւոն Ժամագործյանն ասաց, որ որոշ կազմակերպություններ այս օրերին հոսպիտալին, զինվորներին հենակներ, քայլակներ են նվիրաբերել, որոնք զինվորները կարող են տանել, քանի որ դա չի համարվելու հոսպիտալի գույք, սակայն կոնկրետ Արմենակին տրամադրված քայլակի համար, որպես հոսպիտալի գույք, պատասխանատվություն են կրում բժիշկները. «Եթե վաղը ստուգումներ լինեն, եւ ասեն՝ դուք այսքան քայլակ եք ստացել՝ ո՞ւր է, ո՞վ է պատասխանատվություն կրելու, եւ բացի այդ՝ եթե մեր գույքը անվերադարձ բաժանենք, բա հոսպիտալի վիրավորներին ինչպե՞ս սպասարկենք: Վնասվածքաբանական բաժանմունքն առանց այդ քայլակների չի կարող աշխատել: Արած գործի դիմաց մարդկանց պետք չէ այդպես վարկաբեկել, ցավալի է»:
Բժշկի համար նաեւ ցավալի է, որ որոշ պաշտոնյաներ, առանց խնդրի մեջ խորանալու, բարձրաձայնեցին այդ մասին եւ անգամ հոսպիտալի տեսակետը չփորձեցին լսել:
Բժշկի հետ զրույցից տեղեկացանք նաեւ, որ այս օրերին հոսպիտալ տեղափոխված զինվորները մասնավորապես հրազենային վնասվածքներով են, որից տուժել են զինվորների վերին, ստորին վերջույթները: Կան նաեւ գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի շրջանում ծանր վիրավորներ: Բժիշկը, սակայն, ուրախությամբ է նշում, որ հոսպիտալում ոչ մի զինվոր չի մահացել:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ.Գ. Այսպիսի խնդիրներ թերեւս չառաջանան, եթե զինվորների՝ հոսպիտալից դուրս գրվելուց հետո գործի անցնեն սոցիալական ծառայությունները:
«Առավոտ»
16.04.2016
Լուսինե ջան ,պետք չէ, որ”․․․Հ.Գ. Այսպիսի խնդիրներ թերեւս չառաջանան, եթե զինվորների՝ հոսպիտալից դուրս գրվելուց հետո գործի անցնեն սոցիալական ծառայությունները:”
Նման դեպքում սկսվելու են նոր քաշքշուկներ , նոր էտապ; Զինվորը իրեն հետագալում հատկացվող բոլոր պարագաները պետք է ստանա հիվանդանոցից դուրս գրվելու օրը, իր հիվանդանոցային թերթիկի եզրակացության հետ ։ Հավանաբար պետք է որոշակի թվով սայլակներ, քայլակներ լինեն հոսպիտալի տրամադրության տակ։