Մարտի 30-ին Արտավազդ Գեւորգյանը դարձավ 90 տարեկան
Արտավազդ Գեւորգյանը ՀԽՍՀ վերջին դատախազն էր, Հայաստանի Հանրապետության առաջին գլխավոր դատախազը: Նրա նախկին գործընկերները ծննդյան կապակցությամբ անակնկալ էին պատրաստել: Սակայն հուշերի պատառիկները, առանձին զրույցները հետաձգեցինք տպագրել՝ կապված մեր ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի եւ ետպատերազմական տրամադրությունների հետ: Վաստակավոր իրավաբանը գլխավորել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնը, եղել իրավաբանական ֆակուլտետի դեկանը: Իրավաբանական ֆակուլտետում նա դասավանդել է քաղաքացիական իրավունք, հռոմեական քաղաքացիական իրավունքի հիմունքներ, հեղինակային իրավունք առարկաները:
«Հայրիկիս ուսանողն եմ եղել: Հիշում եմ, քննության ժամանակ մեր կուրսից միայն մի հոգի 5 ստացող եղավ, ես ստացա 4: Քննությունը հանձնաժողովով էր, եւ հանձնաժողովի անդամները հանդիմանել էին հորս, որ ինձ բարձր չի նշանակել, ասելով, որ շատ լավ պատասխանեց»,- ծիծաղելով պատմում է Աշոտ Գեւորգյանը՝ որդին: Ի դեպ, Գեւորգյանների չորրորդ սերունդն իրավաբաններ են. Արտավազդ Գեւորգյանի հայրը, ինքը, որդին՝ Աշոտը, նրա որդին:
Ա. Գեւորգյանի գրչին են պատկանում երկու տասնյակից ավելի գիտական աշխատություններ: Իսկ «Հայկական ԽՍՀ նոր քաղաքացիական օրենսգիրքը» նախկին խորհրդային Հայաստանի 1964թ. քաղաքացիական օրենսգրքի հիմնական դրույթների հաջողված մեկնաբանությունն է:
Քչերը գիտեն, որ նա դասավանդել է նաեւ Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում: Գլխավոր դատախազությունում նրա հետ աշխատած գործընկերները նշում են, որ Ա. Գեւորգյանի անցած ուղին որեւէ հայ իրավաբան չի անցել: Նա ՀԽՍՀ գլխավոր դատախազն էր, ապա՝ ՀԽՍՀ գերագույն դատարանի նախագահը: 15 տարի էլ եղել է ՀԽՍՀ արդարադատության նախարարը:
Իրավաբաններն ասում են, որ Ա. Գեւորգյանը միակն է ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին Խորհրդային միությունում, որն ունի դասային աստիճաններ՝ թե որպես դատավոր, թե որպես դատախազ: Նա երկար տարիներ եղել է Գերագույն դատարանի նախագահը:
ԽՍՀՄ գերագույն դատախազի հրամանով ՀԽՍՀ դատախազ նշանակված Ա. Գեւորգյանը 1990թ. դեկտեմբերի 13-ին նորանկախ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ:
1993-ի դեկտեմբերի 24-ին ՀՀ գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ նրան շնորհվել է արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան: Վաստակաշատ իրավաբանը եղել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի մի քանի գումարումների պատգամավոր, ունի Խորհրդային միության արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, միութենական առաջին դասի դատավորի կոչում:
«Նա կենդանի լեգենդ է, մեր կողքին ապրող եւ ժամանակն է, որ իր մասին բարձրաձայնվի պետական մակարդակով»,- ասում են գործընկերները:
Սեփ. լր.
«Առավոտ»
16.04.2016