Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պաշտպանության նախարարությունում այսօր լրագրողներին ներկայացվեցին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես մշակել էր լայնածավալ ռազմական գործողության պլան:
Ինչպես հայտնի է, ԼՂՀ ՊԲ-ի կողմից խոցվել է մեկ այլ` Mi 8 տիպի ուղղաթիռ: ՀՀ ԶՈՒ Ավիացիայի վարչության պետ Ավետիք Մուրադյանը տեղեկացրեց, որ այդ ուղղաթիռը պետք է իրականացներ շրջափակման մեջ հայտնված դիվերսանտների տարհանում կամ օգնության տրամադրում. «Այն խոցվել է ԼՂՀ տարածքում` 500 մետր խորության վրա: Իրեղեն ապացույցներ չունենք: Խոցվել է մեր տարածքում, բայց այն մինչեւ 500 մ թռիչք է իրականացրել եւ վայրէջք իրականացրել իր տարածքում»:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասաց. «Ադրբեջանական մամուլում «պատահական խոստովանություններ» եղան` կապված հուղարկավորվող օդաչուների հետ: Հավանական է, որ Mi 8-ը վթարային վայրէջքի ժամանակ կործանվել է, բայց հստակ ապացույցներ մեր ձեռքում չկան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ