Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր կորդեբալետի որոշ արտիստներ կարող են լինել Մեծ թատրոնում»

Ապրիլ 16,2016 15:30

Բալետմայստեր Ռուսլան Պրոնինի դիտարկումները

Այս օրերին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի հետ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի փորձերն է անցկացնում անվանի խորեոգրաֆ, Յուրի Գրիգորովիչի ասիստենտ, Մեծ թատրոնի բալետային խմբի ղեկավար Ռուսլան Պրոնինը: Վերջինիս կողմից անցկացրած փորձերի արդյունքի ականատեսը կլինենք ապրիլի 20-ին նշանակված «Սպարտակ» ներկայացմանը: Երեւանում «Սպարտակը», մինչ Գրիգորովիչը, ունեցել է երկու բեմադրություն՝ 1961-ին այն իրականացրել է Չանգան, 1977-ին՝ Վիլեն Գալստյանը:

Փորձերն անձամբ անցկացնելու նպատակով մինչ Ռուսլան Պրոնինի այցը Երեւան, պտտվում էին կուլիսային խոսակցություններ, թե ի՞նչ է, մեզ մոտ բալետմայստերներ, պարուսույցներ չկա՞ն… Իհարկե՝ կան: Բայց փաստ է, որ երբ հրավիրյալ ռեժիսոր կամ բալետմայստեր է իրականացնում որեւէ բեմադրություն, ապա նա, չգրված օրենքով, պարտավորություն է կրում իր իսկ բեմադրության հետագա ճակատագրի համար այնքան ժամանակ, ինչքան այն ընդգրկված է տվյալ թատրոնի խաղացանկում:
Յուրի Գրիգորովիչը Երեւանի թատրոնում «Սպարտակը» հանձնեց 2009թ.: Պրեմիերայից առաջ, «Առավոտի» հետ զրույցում նա ասել էր. «Կոնկրետ այս ներկայացումը ծանր էր ինձ համար, քանի որ «Սպարտակը» մասշտաբային ներկայացում է, թատրոնի բալետի արտիստների թիվը բավարար չէր, ներգրավվեցին նաեւ «Բարեկամություն» անսամբլի պարողներն ու Երեւանի պարարվեստի ուսումնարանի վերջին կուրսի ուսանողները: Սա էլ չբավարարեց բեմադրության մասշտաբներին: Ստիպված խնդրեցինք ժամկետային ծառայության մեջ գտնվող հայոց բանակի պարողներին թույլատրել մասնակցել փորձերին»:

«Առավոտը» հանդիպեց նաեւ Ռուսլան Պրոնինի հետ: Մեր զրուցակիցը նշեց, որ բալետի ոլորտում առաջին քայլերն արել է, իր խոսքերով՝ հրաշալի բալետմայստեր եւ անձնավորություն Մաքսիմ Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Մեր զրուցակցից խնդրեցինք ներկայացնել այսօրվա թատրոնի ինչպես կորդեբալետի, այնպես էլ մենակատարների պատրաստվածության աստիճանը: Բալետմայստերը, առանց մանրամասնելու, ասաց, թե մենակատարների մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ նրանց հետ դեռեւս փորձեր չի անցկացրել: Ինչ վերաբերում է կորդեբալետին, որի որոշ մասնակիցներ մեզ փոխանցեցին, թե հրավիրյալ բալետմայստերի հետ աշխատում են հաճույքով, Պրոնինը հայտնեց. «Բալետային այս ստեղծագործությունը իսկապես մոնումենտալ գործ է՝ բազմապլան դրամատուրգիայով, սուր հակադրություններով, հոգեբանական ու զգացմունքային դիպուկ բնութագրերով:

Հենց սա էլ պահանջում է բազմամարդ տեսարաններ: Ձեր կորդեբալետը լավ վիճակում է, նույնիսկ մեկ-երկու արտիստներ կարող են այսօր համալրել Մեծ թատրոնի բալետային խումբը»: Հարցին՝ 70 արտիստ բավարա՞ր է բազմամարդ տեսարանների համար եւ ընդհանրապես 70 պարող բավարա՞ր է ակադեմիական թատրոնի համար, բալետմայստերը պատասխանեց. «70 արտիստին գումարվում են նաեւ «Բարեկամություն» անսամբլի տղաները:

Օրինակ, Պեկինի թատրոնի բալետային խմբում էլ է 70 հոգի, որտեղ Գրիգորովիչը բեմադրում է «Սպարտակը»: Բայց այդտեղ օգնության են հասնում նաեւ պարողներ դրսից: Ինչ խոսք, ցանկալի կլինի առաջիկայում, իհարկե՝ սա ձեր թատրոնի ղեկավարության խնդիրն է, հայտարարել մրցույթ՝ բալետային խումբը համալրելու նպատակով: Հնարավորությունների հարց է՝ ունենալ 100, 120 կամ 200 հոգանոց բալետային խումբ: Օրինակ, Մեծ թատրոնի բալետային խմբում 210 արտիստ է: Այսուհանդերձ, 70-ն էլ փոքր թիվ չէ…»: Հավելեց նաեւ, թե ինքը փորձեր է անցկացնում նաեւ «Բարեկամություն» անսամբլի արտիստների հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ բալետի արտիստի բեմական կարճատեւ կյանքի եւ հսկայական էներգիա վատնելու արդյունքում սահմանված ոչ բարձր աշխատավարձի մասին: «Ես միայն մեկ օրինակ բերեմ. երբ Մյունխենի թատրոնում բալետի արտիստը անցնում է թոշակի, պետությունը նրան տրամադրում է 40 հազար եվրո՝ թոշակին զուգահեռ, որ ցանկության դեպքում այլ մասնագիտություն ձեռք բերի: Կարծում եմ՝ սա բալետի արտիստի հանդեպ հոգածության հիանալի արտահայտություն է, ինչը պետք է իրենց երկրում տեղայնացնեն շատ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը»,-հայտնեց բալետմայստերը:

Խոսեցինք նաեւ Գրիգորովիչի՝ այլ երկրներում բեմադրած «Սպարտակի» մասին, քանի որ արտերկրյա որոշ լրատվամիջոցներում հանդիպել ենք հետեւյալ կարծիքին՝ գրիգորովիչյան «Սպարտակը» հնացած է: «Բարձրարվեստ որեւէ ստեղծագործություն կամ բեմադրություն հնանալ չի կարող: 1968թ. Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում ստեղծված Գրիգորովիչի «Սպարտակի», որը այսօր աշխարհում այդ բալետի ամենահաջողված տարբերակն է, նոր երաժշտական խմբագրությունն առավել համապատասխան է լիբրետոյին (հեղինակ՝ Նիկոլայ Վոլոկով) եւ ընդհանուր կոմպոզիցիոն կառուցվածքին (առաջին անգամ «Սպարտակը» բեմադրվել է 1956թ., Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում): Գրիգորովիչը «Սպարտակի» հարցում շատ զգույշ է, նա չի ընդունում այս բալետը բեմադրելու յուրաքանչյուր առաջարկ: Մատների վրա կարելի է հաշվել այն երկրները, որոնք բախտ են ունեցել արժանանալ գրիգորովիչյան «Սպարտակին»: Այս տարվա վերջին մաեստրոյի «Սպարտակը» կավելանա եւս մեկով՝ դա կկայանա Մյունխենի թատրոնում»:

Մեր զրուցակցին հիշեցրինք նաեւ տարիներ առաջ, կոնկրետ՝ 2013թ., երբ Մեծ թատրոնի արտիստներից Պավել Դմիտրիչենկոն ծծմբաթթու էր լցրել բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի աչքերին, ինչի պատճառով դրված է եղել նաեւ Ռուսլան Պրոնինին աշխատանքից հեռացնելու հարցը, այս խնդրի լուծմանը խառնվել է նաեւ Ռուսաստանի նախագահ Պուտինը: «Լրագրողներդ սիրում եք ամեն ինչ չափազանցնել: Ես մտերիմ եմ Սերգեյ Ֆիլինի հետ ու կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է: Այդ դեպքից հետո հեռացվեց Մեծ թատրոնի տնօրենը: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետեւ չի կարելի տան պատերի ներսում կատարվածը հանրայնացնել, հասցնել մինչեւ նախագահին»,- ասաց Ռուսլան Պրոնինը, ժպիտով էլ նշեց, թե այդ դեպքը դաս է եղել ռուսաստանյան այլ թատրոնների համար:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

16.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930