Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ` թշնամու ռազմական պլանի եւ խոցված ուղղաթիռի մասին. (ֆոտոշարք)

Ապրիլ 16,2016 14:25

Պաշտպանության նախարարությունում այսօր լրագրողներին ներկայացվեցին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես մշակել էր լայնածավալ ռազմական գործողության պլան: Մարտական փաստաթղթերը հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով մարտ ամսվա վերջին օրերին Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր մարտական թռիչքների ընթացքում:

DCIM105MEDIA

Խոսքը Mi 24 G մոդելի ուղղաթիռի մասին է: ՀՀ ԶՈՒ Ավիացիայի վարչության պետ Ավետիք Մուրադյանը, ներկայացնելով ուղղաթիռի խոցման արդյունքում անձնակազմից վերցված փաստաթղթերը եւ նյութերը, ասաց. «Դրանցից պարզ է դառնում, թե թշնամին ինչ մտադրություններ է ունեցել: Խոցված ուղղաթիռի կողային համարը 305 է, այն ՌԴ արտադրության Mi 24 տիպի ուղղաթիռի մոդեռնիզացված տարբերակն է: Այն մոդեռնիզացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Այդտեղ Ադրբեջանի կողմից այդպիսի 10 ուղղաթիռ է մոդեռնիզացվել:  Ուղղաթիռը հնարավորություն ունի կիրառել հակատանկային միջոցներ, հրթիռներ, հրանոթներ: Առկա է օդաչուներից մեկի գրքույկը, որի մեջ գրառումներ են արված:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Գրված է, որ օդաչուն պետք է իրականացնի թռիչք` Բաքվի տարածքում գտնվող օդանավակայանից վերաթռիչք դեպի ռազմական օդանավակայան… Քարտեզներից պարզ է, որ օդաչուն նախօրոք` թռիչքից առնվազն մեկ-երկու օր առաջ,  ստացել է խնդիրներ` մարտական թռիչքներ իրականացնելու համար: Քարտեզի վրա օդաչուները ցույց են տվել իրենց կողմից հավանական հակառակորդի առաջնագիծը, ԼՂՀ տարածքում` իննը նշանակետեր, ամենահեռահար նշանակետը` Ֆիզուլի քաղաքի հարավ-արեւելյան մասում: Որպես օդաչու կարող եմ զեկուցել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր ըստ հերթականության` օրվա խնդրի կատարումից ելնելով: Որպես առաջնային խնդիր տրված է եղել առաջնագծից մինչեւ երեք կմ խորությամբ առաջադրանք: Քարտեզը պատրաստված է մարտի 31-ին կամ ապրիլի 1-ին, որում նշված է Լյալյալագա լեռան բարձունքը, որը գտնվում է ԼՂՀ տարածքում: Հակառակորդը բանակային ավիացիային հրահանգել է պատրաստ լինել ամսի 1-2 գիշերը` բանակային ավիացիայի կիրառմամբ իրականացնելու հարձակողական գործողություններ` ԼՂՀ հարավ-արեւելյան մասով: Ցանկացած ռազմական մասնագետ սա կընդունի որպես իրողություն եւ կհասկանա, որ տվյալ կողմը իրականացրել է նախնական գործողությունների մշակում, օդաչուական անձնակազմի մարտական խնդիրների տեսակետով` նախորոշում եւ նշանակետերի կոնկրետ ցուցում: ՈՒնենք «սեւ» արկղի բացվածք, որի կտրվածքով կարող ենք ասել, որ օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում նա, ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, չի կիրառել դրանք, այլ կիրառել է միայն թնդանոթ, որի հեռահարությունը մինչեւ 1 կմ խորությամբ է: Ընդ որում, կիրառելուց ձգանը պահած է եղել մտ երկու րոպե եւ այդ վիճակում էլ խոցվել է մեր տղաների կողմից»:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի ռազմական գործողության պլանը կանխավ է կազմվել, այլապես օդուժի ներգրավվածություն չէր լինի. «Ամեն ինչ հստակ` դասական կանոներով պլանավորված է եղել»:

Ավետիք Մուրադյանի բնորոշմամբ. «Հակառակորդը հասկացել է, որ հետագա ընթացքը կբերի հարյուրավոր զոհերի եւ միլիոնների կորստի, այդ պատճառով էլ նահանջել է: Այդ ժամանակ հակառակորդն արդեն 100 զոհ է տված եղել եւ երկու խոցված ուղղաթիռ»:

Հավելենք, որ այս ուղղաթիռը ԼՂՀ տարածքում խոցվել է մոտ 700 կմ խորության վրա: Մյուս` Mi 8 տիպի խոցված ուղղաթիռի մասին` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930