Լրահոս
Օրվա լրահոսը

«Սառույցը տեղից շարժվում է դանդաղ, բայց դա էլ ինչ-որ բան է»

Ապրիլ 16,2016 15:00

Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ
մտածելակերպի ու գործելաոճի փոփոխության մասին

Սայլակով տեղաշարժվելը մեր զրուցակից Գոհար Նավասարդյանի (լուսանկարում) համար խոչընդոտ չդարձավ ոչ կրթության, ոչ աշխատանքի, ոչ էլ կայացման հարցում: «Ես առաջնորդվում եմ այն կարգախոսով, որ եթե մարդն ինչ-որ բան է ցանկանում անել, ասենք՝ մեքենա վարել, պարել, աշխատել, սովորել եւ այլն, նրան ոչինչ հետ չպետք է պահի իր նպատակից:

Բոլորը, անկախ իրենց ֆիզիկական տվյալներից, ունենում են անհարմարություններ, մենք ամեն մեկս պետք է գտնենք մեզ համար տարբերակ խնդիրը լուծելու եւ կյանքը լիարժեք դարձնելու համար: Միայն բողոքելով չենք հասցնի նկատել, թե ինչպես կյանքն անցավ… Ինքս շատ ակտիվ հասարակական կյանքով եմ ապրում՝ սովորում եմ ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսում, աշխատում եմ 911 փրկարար ծառայությունում, մեքենա եմ վարում, պարում եմ, օրվա մեծ մասը տեղից տեղ եմ գնում»,-ասում է Գոհարը:

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության լրատվության պատասխանատու Մարիաննա Չալիկյանը մեզ հետ զրույցում նշում է. «Համեմատելով Հայաստանում տասը տարի առաջ եւ հիմա եղած ու առկա խնդիրները՝ անհամեմատելի փոփոխություններ եմ տեսնում: Հասարակական մտածելակերպի փոփոխությունը եւս ակնհայտ է. եթե տարիներ առաջ հաշմանդամություն ունեցող մարդը դրսում հանդիպում էր միայն խղճահարությամբ լի հայացքների, հայտնվելով հասարակության մեջ՝ գտնվում ուշադության կենտրոնում՝ ինչպես զարմանալի երեւույթը, ապա այժմ այդպես չէ»:

Տիկին Չալիկյանը ժպտալով հավելում է. «Մարդկանց ենթագիտակցության մակարդակն է բարձրացել»: Նրա ձեւակերպմամբ. «Սառույցը տեղից շարժվում է դանդաղ, բայց դա էլ ինչ-որ բան է: Ցավոք, Հայաստանում դեռեւս չլուծված շատ խնդիրներ կան` թեքահարթակներից սկսած մինչեւ տրանսպորտային միջոցների հարմարեցում, առողջապահական համակարգի կարգավորում: Հստակ օրինակներով, եթե թվարկեմ, կառանձնացնեմ այն, որ օրենքի մեջ կա հակասություն՝ օրենքի մի կետում ասվում է, որ անվճար դեղորայք պետք է տրամադրվի հաշմանդամություն ունեցողներին, իսկ մյուս կետով նշում մի քանի էժան դեղերի անուններ:

Հաճախ խնդիրներ են լինում նաեւ թոշակավորման ժամանակ, երբ բժիշկները հաշմանդամության կարգ տալու համար պարտադրում են անձին՝ որոշ ժամանակ պառկել հիվանդանոցում: Մարդը չունենալով համապատասխան միջոցներ հիվանդանոցային ծախսերը հոգալու համար, փաստորեն, զրկվում է նաեւ այդ չնչին օգնությունից: Վերջերս դեպք եղավ, երբ շուտափույթ ոտքի վիրահատություն չկատարելու դեպքում մարդուն մնում էր անդամահատվել: Վիրահատությունը կատարվելու էր պետպատվերով, որի համար մեկ ամիս պետք էր սպասել հերթում, այնինչ, ուշ վիրահատվելը հավասարազոր էր չվիրահատվելուն: Լսողական սարքեր տրամադրելու հարցում, կարծում եմ, եւս կա բացթողում, թվային լսողական սարքեր չեն տրամադրում 30 տարեկանից բարձր մարդկանց, իսկ ոչ թվային սարքերի աղմուկն այնքան շատ է, որ ինչպես փաստում են դրանք օգտագործողները, ավելի է վատթարացնում լսողությունը: Այս ամենի կողքին չենք կարող չնկատել դրական տեղաշարժը, երբ անցումներ, շենքեր կառուցելիս քաղաքապետարանը հրավիրում է մեզ եւ մի քանի այլ կազմակերպությունների, որպեսզի տեսնենք հարմարավետության աստիճանը: Դրական եւ կարեւոր ենք գնահատում նաեւ ձայնային լուսացույցների տեղադրումն ու 10 հարմարեցված ավտոբուսի ներմուծումը»:
ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

 

«Առավոտ»

16.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930