Կամ՝ ինչպես պլանավորել օրը
Կան մարդիկ, որոնք պլանավորում են իրենց գործերը ոչ միայն տվյալ օրվա, ամսվա, այլ նույնիսկ տարիների կտրվածքով: Իհարկե, վատ չէ պլանավորված եւ կազմակերպված առաջ շարժվելը, բայց միշտ չի ստացվում պլանավորածն ամբողջությամբ իրականացնելը, իսկ պատճառները բազմազան են:
Մեր զրուցակից Անահիտ Հովհաննիսյանը, որ մասնագիտությամբ երաժիշտ է, պարտադիր պայման է համարում ամեն օր աշխատանքի գնալուց առաջ նախօրոք իմանալ, թե ինչ է սպասվում իրեն, այստեղ նրան «օգնության» է հասնում սուրճի մրուրը:
«Սիրում եմ առավոտյան սուրճ ըմպել: Հավաքում եմ հարեւաններիս եւ «սուրճի սեղան» պատրաստում նրանց համար: Արդեն արարողակարգի նման բան է դարձել, պետք է սուրճս խմեմ եւ բաժակս «նայել տամ»: Դա կարծես ինձ ինքնավստահություն է տալիս, հետո բարձր տրամադրությամբ եմ շարունակում օրս: Իսկ երբ լսում եմ, որ լավ դեպքեր են տեղի ունենալու ինձ հետ, ավելի եմ ոգեշնչվում եւ բարձր տրամադրությամբ շտապում աշխատանքի»,-ասում է տիկին Անահիտը:
Մեր զրուցակից 16-ամյա Անին էլ ասում է, որ աստղագուշակ կարդալն է իր ամեն օրվա պարտադիր զբաղմունքը, իհարկե, սրա հետ մեկտեղ, չի մոռանում, որ աստղերը հուշում են, բայց ոչ պարտադրում. «Ինձ համար կարծես կարեւոր է դարձել իմանալ, թե ինչ է սպասվում ինձ, չեմ կարողանում առանց պլանավորման դուրս գալ տնից: Գիտեմ, որ կան բազում տարբերակներ օրը պլանավորելու, ինչպես նաեւ ապագան իմանալու համար: Շրջապատում շատերն են ասում, որ սխալ եմ վարվում՝ անընդհատ կախում ունենալով աստղագուշակից: Ես էլ նրանց պատասխանում եմ, որ աստղագուշակ կարդալը ինձ օգնում է ավելի ճիշտ պլանավորել օրվա անելիքներս»:
Անիից փորձեցինք ճշտել՝ արդյոք տեղյա՞կ է գուշակությունների վերաբերյալ մեր եկեղեցու դիրքորոշման մասին: «Ես ինքս եմ գնացել եկեղեցի եւ զրուցել քահանայի հետ: Գիտեմ, որ եկեղեցին ունի իր հստակ դիրքորոշումն այս հարցում, եւ այն չի խրախուսում նման բաները: Սուրբ Գրքում ասվում է, որ միայն Աստված գիտի, թե ինչ է մեզ սպասվում, եւ պետք չէ ընկնել ժամանակից առաջ՝ օգտագործելով տարբեր հնարքներ՝ ապագան գուշակելու համար»,-ասում է Անին:
Այնուամենայնիվ՝ պե՞տք է, արդյոք, օրը պլանավորել: Հոգեբան Լաուրա Ավետիսյանը կարծում է, որ դա շատ անհատական է. «Ամեն մարդ ունի իր ազատ կամքը եւ ազատ ընտրության հնարավորությունը»: Հոգեբանը վստահեցրեց, որ օրը ճիշտ պլանավորման արդյունավետ մեթոդ չկա: «Արդյունավետությունը կախված է ոչ թե օրը ճիշտ պլանավորելուց, այլ նրանից, թե ինչ է մարդը ուզում իր կյանքից»: Պլանավորել օրը, թե ոչ՝ մնում է յուրաքանչյուրի հայեցողությանը: Սակայն պետք է միշտ հիշել, որ ժամանակն արագ է թռչում եւ պետք է այն արդյունավետ օգտագործել ու զուր չէ ասված՝ «ժամանակը ոսկի է»:
ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ
«Առավոտ»
16.04.2016