Լրահոս
Օրվա լրահոսը

Նման կարճ ժամանակահատվածը բավարար չէ ԵԱՏՄ արդյունավետության մասին դատողություններ անելու համար. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 16,2016 11:02

Վերջին օրերին մեզանում աշխուժորեն քննարկվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը։ Խնդիրը դիտարկվում է քաղաքական իրողություններից ելնելով, թեեւ ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական միավորում է։ Ուստի ակնկալիքները պետք է լինեն առաջին հերթին այդ դաշտում։
Անշուշտ գործունեության առաջին տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի սպասելիքներն այնքան էլ չարդարացան։ Չհաջողվեց ոչ միայն հասնել նոր տնտեսական տարածքում հայկական ապրանքների իրացման ընդլայնմանը, այլեւ դրանց ծավալները նույնիսկ զգալիորեն կրճատվեցին։
Իհարկե, դա քիչ կապ ուներ ԵԱՏՄ Հայաստանի անդամագրման հետ։ Այդ խնդրին հայկական արտահանողները բախվելու էին՝ անկախ նրանից՝ երկիրը մաս կկազմե՞ր նոր տնտեսական տարածքին, թե՞ ոչ։ Ավելին՝ չանդամագրման դեպքում արտահանման անկումը շատ ավելին կարող էր լինել։
Չիրականացան մաքսատուրքերի ավելացման հաշվին բյուջեի եկամուտների համալրման ակնկալիքները։ Հայաստանը հեռու է նաեւ ներդրումային հարթակ դառնալուց օտարերկրյա կապիտալի համար՝ Եվրասիական տնտեսական միության շուկաներ մուտք գործելու ճանապարհին։
Սրանք անշուշտ այն հիմնական ոլորտներին էին, որտեղ նոր տնտեսական տարածքին ընդառաջ ձեւավորվել էին որոշակի սպասումներ։ Անդամագրման հաջորդ շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ դրանք այս փուլում հեռու են արդարանալուց։
Սակայն դա դեռ չի նշանակում, թե ԵԱՏՄ-ի հետ կապված ակնկալիքներն ի սկզբանե հիմնավորված չէին, եւ պետք է հրաժարվել այդ կառույցից։ Եվրասիական տնտեսական միության ստեղծումից եւ դրան Հայաստանի միանալուց շատ ժամանակ չի անցել։ Այն սկսել է գործել ընդամենը նախորդ տարվա սկզբին։ Նման կարճ ժամանակահատվածն անշուշտ բավարար չէ ԵԱՏՄ արդյունավետության եւ այդտեղից Հայաստանի ակնկալիքների իրականանալ-չիրականանալու մասին դատողություններ անելու համար։
Մանավանդ որ, ստեղծումից անմիջապես հետո կառույցի անդամ գլխավոր երկրներից մեկը՝ ի դեմս Ռուսաստանի, բախվեց լուրջ խնդիրների։ Սահմանված տնտեսական պատժամիջոցները եւ նավթի գների կտրուկ անկումը մեծապես հարվածեցին Ռուսաստանի տնտեսությանը, ինչի հետեւանքներն անուղղակիորեն փոխանցվեցին նաեւ անդամ մյուս երկրների տնտեսություններին ու ֆինանսական համակարգերին։

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930