2016թ. ապրիլի 15-ին Ստամբուլում ավարտվեց «Իսլամական համագործակցություն» կազմակերպության 13-րդ գագաթնաժողովը, որի աշխատանքների ավարտին հրապարակվեց կազմակերպության անդամ երկրների ընդունած ընդհանուր հայտարարությունը։ Հայտարարության ամբողջական տեքստը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում։
Մուսուլմանական այդ կազմակերպության հրապարակած 200-ից ավելի կետից բաղկացած հայտարարության 16-րդ և 17-րդ կետերը ամբողջովին վերաբերվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ իրենց մեջ պարունակելով ծայրահեղ հակահայ և խիստ ադրբեջանանպաստ ձևակերպումներ։
Փաստաթղթի 16-րդ կետում նշվում է. «Գագաթնաժողովը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը, որով դատապարտում է Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի Հանրապետության դեմ»։
Նույն կետով կազմակերպությունը նշել է, որ անթույլատրելի են ռազմական գործողությունները և կոչ է արել Հայաստանին անհապաղ դուրս բերել ՀՀ զինված ուժերը ԼՂՀ-ից և դրան հարակից տարածքներից։
Կարդացեք նաև
Գագաթնաժողովում հրապարակված հայտարարության 17-րդ կետում նշվում է, որ կազմակերպության անդամ պետությունները խստորեն դատապարտում են «Հայաստանի ԶՈՒ կողմից շարունակվող հարձակումները՝ բռնազավթված տարածքներում, որի հետևանքով տուժում են քաղաքացիականները, կրակի տակ են հայտվում մզկիթները, մահանում է հավատացյալ ժողովուրդը, և տուժում են տնտեսական ենթակառուցվածքները։ Գագաթնաժողովը աջակցում է Ադրբեջանի պաշտպանական գործողություններին, որոնք կատարվում են բնակչությանը պաշտպանելու համար»։
Նշվում է նաև, որ գագաթնաժողովը որոշել է ստեղծել կոնտակտային խումբ՝ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ ԱԳ նախարարների մակարդակով, որը առաջին նիստը պետք է հրավիրի Ստամբուլի գագաթնաժողովի շրջանակներում։
Ուշագրավ է, որ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի տարածած հայտարարության որոշ կետեր դուր չեն եկել նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, որը, ի նշան բողոքի, լքել է գագաթնաժողովի սրահը։ Մասնավորապես որոշ կետերում խոսք է գնում, որ Իրանը աջակցում է միջազգային ահաբեկչությանը, ինչպես նաև մեղադրել են Իրանին, որ վերջինս խառնվում է Բահրեյնի, Եմենի և Սիրիայի ներքին գործերին։