Amerikayidzayn.com. Դուք, կոնգրեսական Ռոբըրթ Դոլդի հետ նախաձեռնել եք Ադրբեջանին ամերիկյան ռազմական հատկացումների դադարեցման մասին առաջարկը։ Ինչո՞վ էր պայմանավորված այն։
Ինձ անհանգստացնում էին վերջին շրջանում Ադրբեջանի կառավարության կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, որոնք ժամանակ առ ժամանակ հանգեցնում էին բախումների շփման գծում։ Սա ի վերջո հանգեցրեց վերջին իրադարձություններին։ Մեր նախաձեռնության նպատակն է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ավելի լրջորեն արձագանքի կատարվածին՝ դադարեցնելով Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Չեմ կարծում, որ ակտիվ պատերազմի պարագայում մենք պետք է որեւէ ռազմական աջակցություն հատկացնենք կողմերին։
Ըստ ձեզ՝ ամերիկյան կողմը պե՞տք է ավելի մեծ դեր ստանձնի Լեռնային Ղարաբաղում խնդրի կարգավորման եւ խաղաղության հաստատման գործում։
Ես նախ ուզում եմ համոզվել, որ մենք մաս ենք կազմում խնդրի շուրջ բանակցություններում: Երբեմն թվում է, որ դրա մենաշնորհը տրված է Ռուսաստանին։ Մեր նպատակն է Մինսկի խմբի դերի բարձրացումը, քանի որ Մինսկի խումբն է, որ պետք է գլխավոր դեր խաղա այս խնդրում, իր բոլոր համանախագահների ակտիվ մասնակցությամբ։
Կարդացեք նաև
Կոնգրեսի մեկ այլ կարեւոր նախաձեռնություն, որին դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել, այսպես կոչված ՛՛Ռոյս Շերման՝՝ նամակը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանը։ Ի՞նչ ընթացքում է այն։
Այս նախաձեռնության նախնական նախաձեռնողները Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգըլն էին: Նրանք այն սկսել էին վերջին իրադարձություններից առաջ, շփման գծում խաղաղության պահպանման նպատակով՝ առաջարկելով հրադադարի վերահսկման ավելի գործուն համակարգ։ Ես տարիներ շարունակ ասել եմ, որ հարկավոր է լուջ քայլեր ձեռնարկել հնարավոր բախումները կանխելու համար։
Անդրադառնալով Ռուսաստան-Թուրքիա լարված հարաբերություններին, կարծո՞ւմ եք արդյոք, որ Ղարաբաղյան հակամարտության թեժացումը կարող է դիտարկվել որպես այդ լարված հարաբերությունների արտացոլանք կամ շարունակություն։
Չեմ կարծում, որ Ռուսաստանը կամ Թուրքիան հետաքրքրված են պատերազմի վերսկսմամբ։ Կարծում են, որ սա Ադրբեջանի ղեկավարության որոշումն է։ Տպավորություն է ստեղծվում, որ երբ Ադրբեջանի կառավարությունը ներքին խնդիրների է դիմակայում, ելքը պատերազմը վերսկսելն է։ Սա է պատճառը, որ մենք պետք է շատ ավելի լրջորեն մոտենանք խաղաղության պահպանման գործընթացին։ Այդուհանդերձ չեմ ուզում ասել, թե Թուրքիան այս գործում դեր չուներ, հատկապես Էրդողանի հայտարարությունից հետո։ Կարծում եմ սակայն, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հետ ուղիղ կապ չկա։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: