Այս օրերին Հայաստանում է գտնվում ամերիկահայ հայտնի դերասանուհի, կինոռեժիսոր, պրոդյուսեր, Նյու Յորքի “Socilly relevant film festival”-ի կազմակերպիչ Նորա Արմանին:
Նա այսօր Երևանի կամերային թատրոնում մրցանակներ հանձնեց 2016 թվականի մարտի 14-20-ը Նյու Յորքում կայացած “Socilly relevant film festival”-ին մասնակցած և մրցանակների արժանացած հայ կինոռեժիսորներին:
Փառատոնն արդեն երրորդ անգամ է անցկացվում. «Առաջին տարում շատ դժվարություններ ունեցանք, սակայն կարողացանք 55 ֆիլմ ցուցադրել: Դրանցից 7-ը հայկական էին»,- ասաց կինոփառատոնի կազմակերպիչը:
Նա պատմեց, որ այսպիսի փառատոն ունենալու գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ. «Արդեն հոգնել էինք ամեն ֆիլմի պաստառի վրա հրացան, արյուն, դանակ տեսնելուց: Ցանկացանք մարդկանց այլ ֆիլմեր ցույց տալ: Մարդկային, հասարակական հարցեր արծարծող: Ոչ մի վայրագություն»,- նշեց Նորա Արմանին:
Փառատոնում այս տարի ներկայացված հայկական ֆիլմերից են Արա Երնջակյանի «Խավարում»-ը, Ռուբեն Փաշինյանի «Տղա՛ս, ու՞ր է Եփրատը», Մարինե Քոչարյանի և Սոնա Քոչարյանի «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)»-ը, Աննա Բայաթյանի «Արդեն գիտեմ»-ը, Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա»-ն:
Նորա Արմանին մրցանակներ հանձնեց «Խավարում» և «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմերի ռեժիսորներին:
«Ինձ համար շատ կարևոր է փառատոնում հայկական ֆիլմեր ընդգրկելը,- ասաց նա,- դրանք Նյու Յորք հասցնելն արդեն իսկ հաղթանակ է: Մեծ բավականություն եմ ստանում, երբ կարողանում եմ մեր հայկական ֆիլմերն ամերիկյան փառատոնում ներկայացնել»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ