Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաքս ֆրիի» միջոցով շատերն են «քաշվում»

Ապրիլ 15,2016 23:00

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում բազմաթիվ են Վրաստանից «Այֆոն» տեսակի հեռախոսներ եւ պլանշետներ Հայաստան մաքսանենգ կերպով ներկրելու հետ կապված քրեական գործերով դատերը: Վրաստանում բջջային հեռախոսները, պլանշետները Հայաստանի համեմատ բավական էժան են: Բացի այդ, Հայաստան ներկրելիս, գնման փաստաթղթերը ներկայացնելու դեպքում, «Թաքս Ֆրի» ծառայությունը ապրանքների գնի մեջ ներառված ավելացված արժեքի հարկը՝ գնի 10 տոկոսի չափով գումարը գնորդին է վերադարձնում: Հայաստանի բազմաթիվ բնակիչներ գայթակղություն են ունենում Վրաստանում գնած հեռախոսները մաքսանենգ ճանապարհով՝ իրենց ավտոմեքենաների տարբեր հատվածներում թաքցնելով, Հայաստան ներկրել: Նրանք տեղյակ չեն, որ «Թաքս Ֆրի» ծառայության միջոցով Վրաստանից արտահանված ապրանքների մասին տեղեկությունները, մինչ իրենց հայ-վրացական սահմանը հատելը, հայտնվում են Հայաստանի մաքսային ծառայությանը, եւ մաքսանենգության դեպքում իրենք չբացահայտվելու շանս չունեն:

Ահավասիկ, նման բազում դեպքերից մեկը: Երեւան քաղաքի բնակիչ, 1974թ. ծնված Գոռ Ավետիսյանը 2014թ. օգոստոսի 13-ին իր կնոջ հետ, իր եղբորը պատկանող «Մերսեդես Բենց S 180» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Վրաստան: Իր հետ վերցրել է 7000 ԱՄՆ դոլար՝ իր, կնոջ եւ բարեկամների համար բջջային հեռախոսներ գնելու համար:Նույն օրը Թբիլիսիի կենտրոնում գտնվող բջջային հեռախոսների խանութներից մեկում գնել է 8 հատ « Այֆոն 5Ս» մոդելի բջջային հեռախոսներ՝վճարելով 10 720 լարի: Նա խանութում ներկայացրել է իր անձնագիրը, լրացվել են համապատասխան փաստաթղթեր՝«Թաքս ֆրի» ծառայության միջոցով բջջային հեռախոսների արտահանման դիմաց ավելացված արժեքի հարկի գումարը ստանալու նպատակով:

Նա 4 հատ բջջային հեռախոսը տեղադրել է ավտոմեքենայի բեռնախցիկի եւ հետեւի նստատեղի արանքում, 2 հատը՝ մեքենայի առջեւի նստատեղերի միջեւ գտնվող ձեռքի հենակի գրպանում, 2-ը՝ կնոջ պայուսակում: Ավետիսյանը Սադախլոյի մաքսակետում հեռախոսները հանելով՝ ներկայացրել է «Թաքս ֆրի» ծառայությանը, ստացել դրանց ԱԱՀ-ի գումարները, ապա՝ հեռախոսները նորից տեղադրել մեքենայի նշված տեղերում: Նա մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով նշված հեռախոսները օգոստոսի 13-ի ժամը 21-ի սահմաններում ներկրել է Հայաստան, սակայն դրանք զննությամբ հայտնաբերվել են ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության Գուգարքի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցների կողմից:

2016թ. ապրիլի 1-ին, Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 1 միլիոն դրամի չափով տուգանքի, մաքսանենգության առարկա հանդիսացող, 2 միլիոն 520 հազար դրամ ընդհանուր արժեքով 8 հատ 8 «Այֆոն 5Ս» մոդելի բջջային հեռախոսները բռնագանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լիանա says:

    Իմաստը չհասկացա..մարդը օրենքով իրեն հասանելի գումարն է ստացել:

    • Վասիլի Գևորգյան says:

      Վրաստանի մաքսավորները վերադարձնում են գումարը, քանի որ այն ապրանքը, որն այլ երկրից է ներկրցել և մաքսազերծվել է, փաստորեն ոչ թե իրենց երկրում է գործածվելու, այլ դուրս է գալու: Այս դեպքում հեռախոսները պետք է մաքսազերծվեին Հայաստանի Հանրապետությունում, քանի որ ներկրվել էին այստեղ: Գնորդը պարտավոր էր հայտնել, որ ներկրում է (անկախ նրանից, վաճառելու նպատակով է, թե ոչ) հեռախոսներ և վճարեր դրանց մաքսային տուրքերը, իսն նա դրա փոխարեն փորձել է թաքցնել մեքենայի տարբեր հատվածներում:

  2. Վահագ says:

    Ապրիլին սկսեցինք խոսել մեր միջի թուրքի մասին: Մեր միջի թուրքը գործում է նաեւ մաքսազերծում կոչվող զառանցանքի շրջանակներում: Հենց կարողանանք փոխել մեր պատկերացումները մաքսային սահմանի մասին, կտեսնենք, որ մեր միջի թուրքի գլուխներից մեկը կտրվեց:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930